-Կարելի՞ է ասել, որ Կազանի հանդիպումը չարդարացրեց փորձագետների և լայն հասարակայնության սպասումները:
-Ես կասեի` չարդարացրեց հույսերը: Երկու կողմից կային հույսեր, որոնք չիրականացան: Սպասումն այլ բան է. դրա մասին կարելի է խոսել, երբ առջևում սպասվող իրադարձություն կա: Այնպես որ` ավելի իրատեսական է բնութագրել դրանք որպես հույսեր, որոնք չիրականացան:
-Թուրքիայի վարչապետ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն անկարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը գրեթե 20 տարի շարունակ: Ձեր կարծիքով` որքանո՞վ է Թուրքիան հետաքրքրված միջնորդի դեր ստանձնելու մեջ:
-Թուրք-հայկական բանակցությունների մտադրությունը` պաշտոնական, թե ոչ պաշտոնական մակարդակով, շարունակական է թվում` առնվազն որոշակի մակարդակով: Բայց ինչ վերաբերում է Թուրքիայի` Մադրիդյան սկզբունքների վրա հիմնվող բանակցությունների կողմ դառնալուն, չեմ կարծում, որ դա իրատեսական է: Պատճառներն ակնհայտ են. չեմ կարծում, որ Հայաստանը Թուրքիային կհամարի բանակցության անբաժանելի կողմ: Ուստի, չնայած Թուրքիայի և Հայաստանի ոչ պաշտոնական շփումներին, չեմ կարծում, որ Թուրքիան կդառնա ֆորմալ բանակցային կողմ ղարաբաղյան գործընթացում:
-Կազանի հանդիպումը դարձավ Սարգսյան-Ալիև -Մեդվեդև կազմով 9-րդ հանդիպումը վերջին երեք տարվա ընթացքում: Ինչպե՞ս կմեկնաբանեք պաշտոնական Մոսկվայի այդօրինակ ակտիվությունը:
-Ռուսաստանը մեծ ակտիվություն է ցուցաբերում, սակայն զարգացումներն առայժմ չեն ընթանում այնպես, ինչպես մենք սպասում էինք: Ըստ իս` Ռուսաստանը կպահպանի իր ակտիվոթյունը` համարելով, որ դա բխում է իր իսկ շահերից: Այդպես են կարծում այնպիսի մարդիկ, ինչպիսին է նախագահ Մեդվեդևը: Նրանք հասկանում են, որ Ռուսաստանի համար շահեկան չէ նոր պատերազմի օջախ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը կհանգեցնի Ռուսաստանի ամբողջական ներգրավմանը: Ռուսաստանն այսօր ավելի ակտիվ է բանակցային գործընթացում քան երբևէ, և պետք է նշել, որ Ռուսաստանին այնուամենայնիվ հաջողվեց «ի մի բերել» երկու նախագահներին և բանակցային գործընթաց սկսել նրանց միջև:
-Ինչպիսի ՞ օգուտ կքաղի Ռուսաստանը, եթե դառնա հակամարտության կարգավորման հիմնական դերակատարը:
-Ռուսաստանը ձգտում է լավ հարաբերություններ պահպանել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, թեև վերջինս Ռուսաստանի պաշտոնական դաշնակից չի հանդիսանում: Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում հանդիսանում է Ռուսաստանի գործընկերը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն նաև ֆորմալ ռազմական կապեր` առնվազն թղթի վրա: Ամեն դեպքում, առկա է հասկացողություն, որ պատերազմը Ռուսաստանի շահերից չի բխում:
-Ղարաբաղյան հակամարտության թեժացման դեպքում ինչո՞ւ պիտի Ռուսաստանն այնտեղ ներգրավվի` չկրելով այդ առումով ոչ մի պարտավորություն:
-Թե ինչպիսի պարտավորություններ ունի Ռուսաստանը, կախված է այն բանից, թե ինչպես ընթերցել զանազան ռուս-հայկական արձանագրությունները, հայտարարություններն ու համաձայնագրերը: Ֆորմալ առումով, ինչպես հասկանում ենք, ցանկացած ռազմական գործողություն, որը կներառի Հայաստանը, այսինքն` ցանկացած գործողություն, որը կծավալվի հայկական հողի վրա, ի կատար կածի ՀԱՊԿ-ի մեխանիզմը, որի ներքո Ռուսաստանը պարտավորված կլինի ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին: Սակայն տարբեր կողմեր տարբեր հետևություններ են անում առ այն, թե որքանով դա կվերաբերի Լեռնային Ղարաբաղին:
-Արդյոք տեղեկատվության արտահոսքը` հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի մասին, որը տարածվեց Կազանի հանդիպման նախօրեին, կարո՞ղ էր երկու կողմերին ուղղված ուղերձ հանդիսանալ` բանակցություններն արագացնելու հարցում:
-Կարծում եմ` սա եղել է դիվանագիտական ճնշման գործիք, որը կարող էին օգտագործել տարբեր կողմեր: Շատ դժվար է դատողություններ անել` պաշտոնական տեղեկատվության բացակայության պայմաններում, որովհետև առկա են միայն աղբյուրներ տարածաշրջանի կառավարություններում` Ռուսաստանի, Ադրբեջանի, դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի: Շատ դժվար է ասել՝ արդյոք որևէ համաձայնագիր ընդհանրապես եղե՞լ է, թե՞ առկա են ընդամենը տարբեր վարկածներ, որոնք էլ երևան եկան արտահոսքի տեսքով:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների ուղերձները, հատկապես Բարաք Օբամայի հեռախոսազանգերը Սարգսյանին և Ալիևին:
-Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը համարժեք հայտարարություններ են արել: Կարծում եմ` այդ հայտարարություններն արտահայտում են այն աշխատանքը, որը թափվել է բանակցային գործընթացի վրա` ընդգծելով այն հանգամանքը, որ արդեն 19 տարի է, ինչ չկա որևէ շոշափելի արդյունք: Աշխարհում կան տարբեր այլ հակամարտություններ, և կարծում եմ` Վաշինգտոնում, Եվրոպայում և Մոսկվայում կա անհանգստություն` կապված նոր հակամարտության և դրա ազդեցության հետ. դժվար թե այն սահմանափակվի միայն Հայաստանով և Ադրբեջանով: Այն կարող է տարածվել ևþ Թուրքայի, ևþ Ռուսաստանի վրա: Կարծում եմ` սա է, որ նախագահներն աշխատում էին արտահայտել:
-Բանակցությունների ինչպիսի՞ սցենարներ եք կանխատեսում:
-Մենք չենք կարծում, որ Մինսկի գործընթացն իրեն սպառել է: Հույս ունենանք, որ երբեմն բանակցությունները կարող են ընթանալ պաշտոնական շրջանակից դուրս, երբ նախագահները կարող են պարզապես նստել և զրուցել: Հույս ունեմ`գալիք շաբաթներին և ամիսներին կողմերը կտեսնեն փոխզիջման իմաստնությունը: Հայ-ադրբեջանական բարձրաստիճան հանդիպումները կշարունակվեն, որից հետո մենք կգտնենք փոխզիջման կամ համաձայնության տարբերակ: Եթե դա չպատահի, ապա մենք ականատես կլինենք աճող լարվածության, ռազմատենչ հայտարարությունների և սպառնալիքների: Սառեցված իրավիճակը ոչ ոքի ձեռնտու չէ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment