Tuesday, June 21, 2011

ԿԱԶԱՆԻՑ ԱՌԱՋ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

«ԱԶԳ», 21-06-2011- Երեկ Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում այս անգամ ընդգծված երկու հիմնական ելույթներից մեկը կներկայացնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախագահ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգՙ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
Արդեն իսկ ադրբեջանական եւ թուրքական պատվիրակները ԵԽԽՎ-ում հարցեր են պատրաստել ու հերթագրվել ուղղելու Հայաստանի նախագահին, չնայած բավականին կանխատեսելի է լինելու այդ հարցերի բովանդակությունը: Մասնավորապես, ամեն առիթով ԵԽԽվ-ում ադրբեջանական ու թուրքական պատվիրակների կողմից Ադրբեջանի «օկուպացման», միլիոնավոր «փախստականների» հարցն է տրվելու` «ե՞րբ եք զինուժը դուրս բերելու» հարցադրման համատեքստում:
Ամեն դեպքում, բացի լիագումար նիստում ներկայացնելիք ելույթից` այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ Եվրոխորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ:
ԵԽԽՎ-ն ամառային այս նստաշրջանում կքննարկի 2012-2013 թթ. սեփական բյուջեն ու առաջնահերթությունները, Խորհրդարանական վեհաժողովի բարեփոխման հարցերը, հունիսի 21-ին կլսի Ուկրաինայի նախագահի ելույթը, իսկ հունիսի 22-ինՙ Երեւանի ժամանակով ժամը 15-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի ելույթը: Խորհրդարանական վեհաժողովն, ի շարս այլ հարցերի, կանդրադառնա նաեւ Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակին:
Հետաքրքրական է, որ ԵԽԽՎ օրակարգի նախնական տարբերակում ելույթ պետք է ունենար նաեւ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը, սակայն օրակարգի հաստատվածՙ վերջնական տարբերակում այդ ելույթը չկա:
Ստրասբուրգից Հայաստանի նախագահը Երեւան կվերադառնա հունիսի 22-ի երեկոյան, իսկ հունիսի 24-ին արդեն աշխատանքային այցով կմեկնի Կազան: Կազանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Հենց այս իրադարձությունն էլ եւս մեկ անգամ կարեւորում է այն բոլոր ուղերձները, որ Հայաստանի նախագահը կներկայացնի Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից: Եվ եթե հաշվի առնենք, որ հունիսի 22-ին էլ բրյուսելյան հանդիպումների շարք կունենա Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերը, տրամաբանական է ակնկալել, որ Կազանի հանդիպումից առաջ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահները որոշ բան, այնուամենայնիվ, կասեն:
Այս հանդիպումը կարող է դառնալ շրջադարձային, ինչը ներկա դրությամբ մեծապես կարելի է կախված համարել Ադրբեջանի հաստատակամությունից, քանի որ վերջին մի քանի ստորագրված փաստաթղթերից, եթե ճար ունենար, Ադրբեջանը մեծագույն ցանկությամբ կհրաժարվեր: Այս համատեքստում դժվար է վստահ լինել, որ այս անգամ էլ Ադրբեջանը նախ կստորագրի, հետո նոր միայն կփոշմանի:

No comments: