Tuesday, June 21, 2011

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

News.am. 21-6-2011- Միացյալ Թագավորության Լորդերի պալատում հունիսի 16 -ին անցկացվել են Հայոց ցեղասպանության հարցով լսումներ: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ին:
«Ոչ մի կասկած չկա, որ հայերի նկատմամբ վերաբերմունքը սարսափելի էր եւ դարձավ հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ` զենքի, սովահարության, հիվանդությունների միջոցով: Նրանք չպետք է մոռացվեն, սակայն, կարծում ենք, որ հայ եւ թուրք ժողովուրդների համար ժամանակն է միասին աշխատել` ձեռնամուխ լինելով ընդհանուր պատմությաւնը: Մենք խրախուսում ենք ցանկացած գործընթաց, որը կօգնի նրանց դա անել բաց, անկեղծ եւ կառուցողական, սակայն մեզ համար օգտակար չի լինի առաջ գնալ ենթադրությունների մեջ», -ասել է արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով նախարար Դեյվիդ Հաուելը:
«Ֆրանսիան արդեն ճանաչել է ցեղասպանությունը: Մեկուկես միլիոն մարդ սպանվել են 1915թ-ին: Ես հենց նոր եմ վերադարձել Հայաստանից, որտեղ եղել եմ Ցեղասպանության թանգարանում: Համոզված եմ, որ պալատի անդամներից շատերն այցելել են Հոլոքոստի թանգարան: Այն ոչ պակաս հուզիչ, ցնցող եւ սարսափեցնող է, քան Հոլոքոստի թանգարանը: Գոյություն ունեն շատ ապացույցներ, միաժամանակ` հայտնի է եղել, թե ինչ է կատարվել: Այդ ժամանակ բոլոր երկրներում թերթերը գրել են հայերի կոտորածի մասին: Ժամանակն է, որպեսզի մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը», – ասել է բարոնուհի Շրիլա Ֆլեդերը:
«Թուրքիայում այն լրագրողներն ու գրողները, ովքեր օգտագործում են «Հայոց ցեղասպանություն» տերմինը, դատական հետապնդման վտանգի են ենթարկվում, շատերը դատապարվել են, դպրոցական դասագրքերում էլ մերժվում է Հայոց ցեղասպանությունը: Հասարակական քննարկումների եւ կրթության ոլորտում այդ գրաքննությունն ընդունելի չէ մի ազգի համար, ով հույս ունի անդամակցել Եվրամիությանը»,-ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

No comments: