Thursday, June 23, 2011

Ալիեւին շնորհավորել են եւ հորդորել

«Լրագիր» 23-6-2011- Հունիսի 22-ին Բրյուսելում կայացած Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, Եվրոպայի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարություն է արել: Նա նախ շնորհավորել է Ադրբեջանին Եվրատեսիլ մրցույթում հաղթանակի կապակցությամբ, այնուհետև վերահաստատել է ԵՄ հավատարմությունը Ադրբեջանի հետ հարաբերությունները ամրապնդելու գործին: Վաղը Կազանում տեղի ունենալիք եռակողմ հանդիպման առնչությամբ, ԵԽ Նախագահն ընդգծել է Եվրոպական Միության օժանդակությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: “Այժմ ժամանակն է լրացուցիչ ջանքեր գործադրել Հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Սա թույլ կտա շուտով սկսել բանակցությունները խաղաղ համաձայնագրի շուրջ”, ասել է վան Ռոմպեյը:
Նա նշել է, որ ԵՄ շարունակում է սատարել գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հիմնված երեք սկզբունքերի վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբորջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն նույնպես հայտարարութուն է արել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, որում նա նույնպես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նա նշել է, որ իրենք Ալիևի հետ խոսել են տարածաշրջանի զարգացումների և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Բարոզոն վերհաստատել է ԵՄ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և նույնպես նշել, որ արդեն ժամանակն է լրացուցիչ ջանքեր գործադրել Հիմնարար սկզբունքների համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Նա հույս է հայտնել, որ հունիսի 24-ի եռակողմ հանդիպմանը կողմերը կկարողանան առաջընթաց ապահովել: “Ես արդեն նշել եմ, ստատուս քվոն տարբերակ չէ”, ասել է Բարոզոն:

No comments: