Նա տեղեկացրեց, որ Կոնգրեսը ամբողջ թափով նախապատրաստվում է հանրահավաքին՝ արդեն հանդիպել է տարածքային կազմակերպությունների, մարզային կառույցների հետ, տարածել է քարոզչական նյութեր։ «Այսինքն՝ օգտագործվել են հանրահավաքի նախապատրաստման բոլոր մեթոդները»,– ասաց Մուսինյանը։
Մեր հարցին` ի՞նչ կարևոր շեշտադրումներ կարելի է սպասել Կոնգրեսի հանրահավաքից, Մուսինյանը պատասխանեց. «Հանրահավաքում հնչելու է երկխոսության մասին Կոնգրեսի պատասխանը իշխանությանը։ Բացի այդ՝ կհնչեն Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի մասին գնահատականներ»։
Հիշեցնենք, որ ՀԱԿ–ը երկխոսության գործընթացը սկսելու համար ներկայացրել էր հինգ հոգանոց պատվիրակության կազմ։ Արտախորհրդարանական ընդդիմության երկխոսությանն առնչվող հարցին հունիսի 17–ին անդրադարձել էր Սերժ Սարգսյանը՝ ՀԱԿ–ին հուզող հարցերի քննարկման համար մատնանշելով Ազգային ժողովին, կառավարությանն ու իր աշխատակազմի ղեկավարին։
«Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ»,– մասնավորապես, հայտարարել էր նախագահը:
Սերժ Սարգսյանի պատասխանից հետո Կոնգրեսի առանձին գործիչներ հրաժարվել են արձագանքել նախագահի անդրադարձին՝ նշելով, որ ՀԱԿ–ի պատասխանը իշխանությանը կհնչի հանրահավաքում՝ Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթում։ Արման Մուսինյանը նաև նշեց, որ հանրահավաքից հետո ավանդական երթ կլինի։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment