Thursday, June 23, 2011

Ադրբեջանական ԽՍՀ փախստականների հայտարարությունը փախստականների հայրենադարձության իրավունքի մասին

Ժողովուրդների իրավունքները վեր են կառավարությունների շահերից
Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի Միջպետական մակարդակով քննարկման ընթացքի կապակցությամբ Համագումարը լիազորված է հայտարարել.
1. Հայրենի օջախներ փախստականների և տեղահանված անձանց միայն մի մասի վերադարձի և մյուսների հայրենադարձության մերժման միջազգային միջնորդների առաջարկները խտրական են և հիմնավորապես անընդունելի:
2. Հայրենադարձության առաջարկներում մերժված փախստականների նկատմամբ սույն խտրականությունը կրկնակի է. նրանք արդեն իսկ Ադրբեջանական ԽՍՀ-ի և Ադրբեջանի հանրապետության իշխանությունների խտրականության, ոստիկանական և ռազմական հետապնդումների զոհեր են և հավասար իրավունքներ ունեն նրանց հետ, ում հայրենադարձության իրավունքը պաշտոնապես քննարկվում է:
3. Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկող երկրների ներկայացուցիչների (ԵԱՀԿ ՄԽ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ գտնվող տարածքների բոլոր տեսակի ենթակառույցների բարելավման արգելքի քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանի առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակի վատթարացմանը: Այդ քաղաքականության հետևանքով մի կողմից քաղաքական շահարկումների ենթարկվեցին 1992-94թթ. զինված կոնֆլիկտի պատճառով տուժաժների ճակատագրերը, մյուս կողմից արհամարվեցին 1988-1992 թթ. խտրականության ընթացքի զոհերի արդեն իսկ ոտնահարված իրավունքները:
4. Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած Հիմնական Սկզբունքները եսասիրական են և կոչված են նախ և առաջ սեփական էներգետիկ շահերը բավարարելու: Դրանցում արհամարված են ղարաբաղյան հարցի իրավական որոշակիության բացակայության պատճառով տառապող ժողովուրդների շահերը: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդների արժանապատիվ ու խաղաղ կյանքի անկապտելի իրավունքի հաշվին Բաքվի ու Երևանի իշխող ռեժիմների շահերի բավարարման լուծումների փնտրտուքը սխալ ճանապարհ է և դատապարտված է անհաջողության: Բանակցող կողմերի և միջնորդների այս սխալի գինը հազարավոր նոր մարդկային զոհերն ու ջարդված ճակատագրերը կլինի:
Վերոնշյալ գնահատականներից և հարյուրհազարավոր մարդկանց անիրավ գոյավիճակի ու ժողովուրդների նորանոր տառապանքների պատճառ դարձող այս անընդունելի հեռանկարի հավանականությունից ելնելով, Համագումարը որոշեց.
- Միջոցներ ձեռնարկել հայ փախստականների հայրենադարձության իրավունքը իրացնելու,
- Ստեփանակերտի իշխանություններից պահանջել նպաստել փախստականների բնակեցմանը իր վերահսկողության տարածքներում և ապահովել վերաբնակների անվտանգ կեցությունը մինչև Բաքվի կողմից վերահսկվող նրանց հայրենիքում ապագա պետական կազմավորման շրջանակներում փախստականների և տեղահանվածների բնակեցման ու քաղաքացիության խնդրի համընդհանուր լուծումը,
- Պահանջել ՄԱԿ-ի և շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցներից լուրջ և համակողմանի հետաքննություն իրականացնել հայ փախստականների նկատմամբ իրականացված հանցագործությունների փաստերի և հանգամանքների շուրջ,
- Դիմել ՄԱԿ-ի փախստականության գծով գերագույն գլխավոր հանձակատարին` փախստականների և տեղահանված անձանց բնակեցման և նրանց կենսապահովման ուղղությամբ աշխատանքներին նպաստելու խնդրանքով:
Համագումարի քարտուղար Մարիամ Ավագյան, 22.06.2011 Ք. Երևան
Հայտարարությունը փոխանցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչություն, Ֆրանսիայի հանրապետության դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Ռուսաստանի դաշնության դեսպանատուն, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության դեսպանատուն (Վրաստան), ՄԱԿ-ի առաքելություն

No comments: