Wednesday, June 1, 2011

Կկառուցվի՞ Իրան-Հայաստան երկաթուղին

«Լրագիր» 1-6-2011- Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը Հայաստանի պատվիրակության հետ, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: 4 օրից Իրանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Ահմադինեժադի խոսքով, Իրանը մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը:
Ավելի վաղ, Իրանի ԱԳ նախարարը և Հայաստանի Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարը երկկողմ համաձայնագիր են ստորագրել նավթի, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, առևտրի, բիզնեսի ու արդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ, տեղեկացնում է Իրանի IRNA պետական գործակալությունը:
ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել էր, որ 2010 թ 2 պետությունների միջև ապրանքաշրջանառությունն աճել է նախորդ տարվա համեմատ 38 տոկոսով կամ 270 մլն դոլարով: «Ապրանքաշրջանառության ծավալի աճը Հայաստանի հիմնական գործընկերների մեջ առևտրի ոլորտում Իրանի կարգավիճակը 2010 թ 8-րդից բարձրացել է 4-րդ տեղ»:

Սակայն դա չի համապատասանում առկա ներուժին. «Հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը մի կողմից կարող է կապվել Սև ծովին Արևմուտքից, իսկ մյուս կողմից` Պարսից ծոցի հետ Իրանի տարածքով, համագործակցությունը կարող է դրական տնտեսական պտուղներ տալ ինչպես մեր 2 պետություններին, այնպես էլ ողջ տարածաշրջանին»:

Իրանի ճանապարհների ու տրանսպորտի նախարարի տեղակալ Ռեզա Փիլփայեհը նշել է, որ իրանցի շինարարները կարող են վերազինել Ջուլֆայից սահմանային Նուրդուզա և Նուրդուզայից Սիսիան ձգվող երկաթուղին: Նախնական հաշվարկներով, երկաթուղու շինարարությունը մինչև Սիսիան կարժենա 2,5 մլրդ դոլար, և նախագծի իրականացման համար ներդրումներ են անհրաժեշտ:

Արմեն Մովիսիսյանն իր հերթին նշել է, որ 2 երկրների նախագահներն արդեն քննարկել են Իրան-Հայաստան երկաթուղային ցանցի կառուցման նախագիծը: Այդ նախագծի իրականացումից հետո իրանական երկաթուղին կմիանա Եվրոպային Հայաստանով ու Վրաստանով:

Իրանի ու Հայաստանի տնտեսական համագործակցությունը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական ներուժ ունի: Սա այն դեպքն է, երբ մտադրության մասին հայտարարություններն արդեն արդյունք են համարվում: Իսկ մտադրության իրականացմանը խանգարում են որոշակի քաղաքական պատճառներ: Օրինակ, Վրաստան-Հայաստան-Իրան երկաթուղին կարող է շատ տարածաշրջանային խաղացողների զրկել քաղաքական փաստարկներից:

No comments: