Wednesday, June 1, 2011

Ընտրություններին ձայն հավաքելու համար թուրք ազգայնականները որոշել էին գնդակահարել խաղաղ բնակչությանը

Tert.am. 1-6-2011- Թուրքիայում նախընտրական քարոզարշավը թևակոխել է վտանգավոր փուլ։ Երկրով մեկ շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով և ձերբակալություններով։
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 12-ին։ Հիմնական մրցապայքարն ընթանալու է Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող, Ժողովրդա–հանրապետական և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունների միջև։ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունն ընտրույթուններին մասնակցելու է անկախ թեկնածուներով։ Իսկ մինչ այդ թուրքական կուսակցությունները ջանք չեն խնայում իրենց ընտրազանգվածը հնարավորինս ընդլայնելու ուղղությամբ։
Վերջին շրջանում կտրուկ ընկել է Դևլեթ Բահչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցության վարկանիշը։ Պատճառը թուրքական տարբեր կայքերում տարածված թուրք ազգայնականների «սեռական արկածների» մասին տեսանյութերն են։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ըստ տարբեր հարցախույզերի, կանգնած է ընտրական շեմը չհաղթահարելու վտանգի առջև (Թուրքիայում խորհրդարան մտնելու համար հարկավոր է հաղթահարել 10%-անոց շեմը, – Tert.am)։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու և իրենց վարկանիշը վերականգնելու նպատակով թուրք ազգայնականներն առաջիկայում ահաբեկչական գործողություն էին ծրագրում Դիրաբեքիրում կայանալիք Դևլեթ Բահչելիի հանրահավաքի ժամանակ։ Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, երեկ Իզմիրում և Ստամբուլում իրավապահների կողմից իրականացված գործողության ադյունքում ձերբակալվել է 18 մարդ, որոնց թվում են Ստամբուլի ծայրահեղ ազգայնականների (Ulku ocakları) և «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչներ։

Ըստ թուրքական պարբերականի՝ թուրք իրավապահները գաղտնալսել են ազգայնականների հեռախոսազրույցները, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ վերջիններս ծրագրում են իսկական արյունահեղություն կազմակերպել Դիրաբեքիրում Դևլեթ Բահչելիի հանրահավաքի ժամանակ։

Ազգայնականների ծրագրի համաձայն՝ առաջիկայում Դիրաբեքիր պետք է մեկներ հատուկ խումբ, որը տեղում պետք է բաժաներ հրազեն, սառը զենք և ստեղծեր լարված մթնոլորտ։ Այնուհետև հանրահավաքի ժամանակ ազգայնականների կողմից ընտրված անձնավորությունը պետք է դիմահար կրակ բացեր հավաքվածների վրա։

«Կամ «Ազգայնական շարժում» կուսակցությունը պետք է հաղթահարի ընտրական շեմը, կամ պետք է դուրս գա ընտրապայքարից։ Իսկ եթե այնտեղ արյուն չթափվի, նորմալ միտինգ լինի, որև շոշաթելի արդյունքի հնարավոր չի լինի հասնել… 3 զոհ, 5 վիրավոր, 8 զոհ և այլն։ Այս ամենի արդյունքում «Ազգայնական շարժում» կուսակցությունն այնտեղից ձայների 25%-ով կվերադառնա»,– իր «գործընկերոջ» հետ զրույցում ասել է Հ.Ա. անունով ազգայնականը։

Առայժմ թուրք ազգայնականները, ի դեմս «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի, որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։

No comments: