«Լրագիր» 1-6-2011- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը, թե իր կարծիքով Սերժ Սարգսյանը կգնա ընդդիմության երկխոսության առաջարկին ընդառաջ եւ կսկսի երկխոսությունը, վկայում է, որ իշխանությունն առաջիկայում ինչ որ կերպ արձագանքելու է պատվիրակությունների բանակցություն սկսելու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին:Հովիկ Աբրահամյանը հազիվ թե ասեր այդպիսի բան, եթե ստացած չլիներ Սերժ Սարգսյանի հավանությունը: Թե Աբրահամյանը, թե Հայաստանի իշխանության որեւէ այլ ներկայացուցիչ, առանց Սերժ Սարգսյանի հանձնարարականի, թերեւս, ոչ իր օրինական պարտավորություններն է կատարում, ոչ էլ կարծիք հայտնում ներքաղաքական գործընթացի վերաբերյալ: Նույնիսկ դժվար է պատկերացնել, որ ասենք կարող են որեւէ այլ բան էլ անել առանց նախագահի հանձնարարականի:
Այնպես որ, թերեւս կարելի է համարել, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի շուրթերով տրամադրություններ է շոշափում: Հավանական է, որ Սարգսյանին հետաքրքիր է, թերեւս, թե ինչ կարող է մտածել այդ կապակցությամբ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը: Նա մտահոգություն հայտնեց Հայաստանում իշխանություն-ընդդիմություն երկխոսության կապակցությամբ, հետո գնաց եւ մի քանի ժամ հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ:
Բայց դրանով ոչ միայն այդ երկխոսությունը չի դադարում, այլ նույնիսկ ավելի նոր մակարդակի բարձրանալու հայտ է ներկայացնում: Սերժ Սարգսյանը գուցե փորձում է շոշափել, թե ինչ կանի Ռոբերտ Քոչարյանը, եթե ինքը որոշի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ գնալ ուղղակի բանակցության:
Բայց հազիվ թե Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումն էական ազդեցություն ունենա Սերժ Սարգսյանի որոշման վրա: Ըստ ամենայնի, նրա համար պարզապես դա կարեւոր է որոշելու համար, թե ինչպես է պետք գնալ այդ բանակցությանը` ինչ առիթով, ինչ ժամանակահատվածում, ինչ ձեւակերպումներով: Չէ որ եթե Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի հետ գնում է այդպիսի բանակցության, դա նշանակում է բանակցել հեռանալու մասին: Համենայն դեպս, Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ կբանակցի միայն արտահերթ ընտրության թեմայով:
Որքան Սերժ Սարգսյանը խորացնի երկխոսությունը Տեր-Պետրոսյանի հետ, բնականաբար այդքան դժվար է լինելու նրա համար համակարգին համոզել, որ ինքն այդ ամենն անում է ոչ թե կամաց-կամաց հեռանալու, այլ հակառակը` ավելի հաստատուն մնալու համար: Իսկ համակարգը նրա երկխոսությունը թերեւս հանդուրժում է հենց այն պատճառով, որ դրանում տեսնում է իր անվտանգության երաշխիքներ` ընդ որում ոչ թե հետիշխանական, այլ իշխանական անվտանգության երաշխիքներ: Այլապես հազիվ թե տարբեր կարգի պաշտոնյաներն ու ՀՀԿ-ականները դեմքի երջանիկ արտահայտությամբ ողջունեին մի գործընթաց, որը նրանց համար իշխանություն կարող է արժենալ: Նրանք կամ համոզված են, որ դա այդպես չի լինելու, կամ էլ պարզապես այդ մարդիկ բանից անտեղյակ են եւ մոլորության մեջ:
Եվ որքան խորանա երկխոսությունն իշխանության ու ընդդիմության միջեւ, այդքան այդ մարդիկ կարող են դառնալ այսպես ասած պոտենցիալ քոչարյանական, ի դեմս երկրորդ նախագահի տեսնելով իշխանական բուրգն ու դրա ավանդույթները պահելու երաշխիք:
Սերժ Սարգսյանը թերեւս փորձում է շոշափել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է համակարգին ակնարկել այդպիսի երաշխիքների մասին, ու գուցե նաեւ այն, թե համակարգից ով կարձագանքի դրան: Երեւի Սերժ Սարգսյանն արդեն ձեռնամուխ է եղել ընդդիմության հետ բանակցության պատվիրակությունը ձեւավորելուն, բայց առայժմ որոշել է պարզել ոչ թե ով կլինի, այլ թե ով չի կարող լինել այդ պատվիրակության մեջ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment