Thursday, June 23, 2011

Իլհամ Ալիեւ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի հնարավորինս շուտ

News.am. 23-6-2011- «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հուսադրող է»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ ասուլիսում:
ՆԱ ԵՄ-ին շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին ցուցաբերած աջակցության համար:
«Հատկապես հուսադրող էր Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների հայտարարությունը, որ ստատուս-քվոն անթույլատրելի է, պետք է փոփոխվի, եւ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, որը համատեղում է տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքնրը:
Եւ դրանք իրար հակասող սկզբունքներ չեն: Անհրաժեշտ է այնպիսի որոշում, որի շրջանակներում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվի, եւ մարդիկ տարածաշրջանում ապրեն ազատ եւ խաղաղ: Եւ կարծում եմ` Մինսկի խմբի առաջարկները դրա համար հիմք ստեղծում են: Եւ ուզում ենք, որ խնդրի լուծումը հնարավորինս շուտ գտնվի, երբ մեր հողերն ազատագրվեն օկուպացիայից»,- ասել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է APA-ն:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին, հայտարարել է, թե եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը հայտարարեն իրենց դիրքորոշումը կարգավորման սկզբունքների վերաբերյալ: «Եթե Ադրբեջանը հանդես գա լրացուցիչ կառուցողական առաջարկությամբ, ապա մենք կարող ենք դրական արդյունքներ ակնկալել Կազանյան հանդիպումից»,-ասել էր նա:
«Ես Կազան եմ մեկնելու լավատեսությամբ լցված եւ ցանկանալու եմ, որ մենք գանք ընդհանուր հայտարարի: Հայաստանն ու Ղարաբաղը շահագրգռված են խնդրի հնարավորինս արագ լուծմամբ: Մենք արդար եւ տեւական լուծման կարիք ունենք: Փաստաթուղթը, որ քննարկվելու է Կազանում, բավականաչափ չափավոր է: Հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինելու մեծ հիմնական պայմանագրի աշխատանքներին: Եթե մենք հանդիպենք կառուցողական մոտեցմամբ, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ առաջարկություններով հանդես չգա, կարող ենք ակնկալել դրական արդյունքներ»,- ընդգծել էր Հայաստանի նախագահը:

No comments: