Thursday, June 23, 2011

Վ. Օսկանյանի նպատակը հայ հասարակության մեջ խուճապ սերմանե՞լն է

Panorama.am. 23-6-2011- Голос Армении-ն անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցին` հիշեցնում է, որ ուղիղ մեկ տարի առաջ Վ. Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամը փորձեց հայկական տեղեկատվական դաշտ մտցնել նախկինում անհայտ ոմն Ժերար Շալյանի, ով հայ հասարակության մեջ խուճապ սերմանելու նպատակով կանխագուշակումներ էր անում պատերազմի վերսկսման և Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին: Ներկայումս հայ հասարակությունում իրարանցում և վախի մթնոլորտ ստեղծելու առաքելությունն իր վրա է վերցրել ինքը` Վ. Օսկանյանը: «Արդյո՞ք իրավունք ունի ազգային շահերի մասին խոսելու մի մարդ, 1. ով առաջինը հայ քաղաքական գործիչներից հայ զինվորների արյամբ ազատագրված հողերն անվանեց «օկուպացված տարածքներ», 2. ում ժամանակ հիմք դրվեց հայկական դիվանագիտության պարտվողական դիքորոշմանը, 3. ում ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մնաց բանակցային գործընթացից…»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Օսկանյանը նշել է, թե այն ժամանակ բանակցային նշաձողն արդեն իջեցված է եղել: Այս կապակցությամբ թերթը գրում է. «Ո՞վ է իրավունք տվել Վ. Օսկանյանին խոսել հայկական կողմերից հնարավոր զիջումների մասին և իջեցնել բանակցային գործընթացի նշաձողը այն պարագայում, երբ Հայաստանն ու Արցախն այդ բանակցություններում հաղթող կողմ էին»: Թերթը հիշեցնում է ընթերցողներին Վ. Օսկանյանի գործունեությունից մի դրվագ: Երբ 1995թ-ին Արցախի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լարիսա Ալավերդյանը հարց հղեց վերջինիս, թե ինչու հայկական կողմը բանակցություններին չի բարձրացնում Շահումյանի շրջանի հարցը, Վ. Օսկանյանը պատասխանեց. «Որովհետև, երբ մենք խոսում ենք Շահումյանի մասին, ադրբեջանցիները խոսում են Շուշիի մասին»:

No comments: