Առաջին նախագահը նաեւ ասել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի 13 տարի առաջվա տարբերակն ավելի լավն էր, քան ներկայինը: Նրա խոսքով, մենք երբեք չենք կարող ավելի լավ տարբերակ ստանալ, քան 13 տարի առաջվանը, քանի որ այս ընթացքում Ադրբեջանի ու Հայաստանի տնտեսական հզորությունները էապես տարբեր մակարդակով են զարգանում, եւ Ադրբեջանն ավելի առաջ է անցնում:
Լրագրողի այն հարցին, թե վա՞տ է, որ Ղարաբաղը չի մասնակցում կարգավորման գործընթացին, Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Սա սարսափելի է»: «Եվ դա հայկական դիվանագիտության ամենահիմար, եթե չասենք, հանցավոր սխալն է՝ համաձայնել, որ Ղարաբաղն այլևս բանակցության կողմ չլինի: Ինչպիսի գնով էինք մենք դրան հասել: Չորս տարի պայքարել ենք: 1994 թ. հենց Ռուսաստանի օգնությամբ մենք հասանք նրան, որ Ղարաբաղը որպես երրորդ հավասար կողմ ստացավ միջազգային մանդատ: Բանակցությունների ժամանակ կար երկու հայկական և մեկ ադրբեջանական կողմ: Դա սկզբունքի հարց է: Մենք ինքնորոշման կողմնակից ենք: Իսկ որտե՞ղ է Ղարաբաղի ինքնորոշումն առանց Ղարաբաղի: Ինչպե՞ս Հայաստանը կարող է Ղարաբաղ ներկայացնել միջազգային բանակցություններում: Ինչպե՞ս Հայաստանը պայմանագրեր կստորագրի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ: Իսկ ո՞ւր է ինքնորոշումը»:
Առաջին նախագահն իհարկե լիովին իրավացի է իր պատասխանում: Մնում է միայն, որ նա պատասխանի նաեւ հարցին, թե ուր էր ինքնորոշումը 1997 թվականին, երբ ինքնորոշված Արցախի նախագահ Քոչարյանին Լեւոն Տեր-Պետրոսյանը նշանակեց Հայաստանի վարչապետ:
Արդյոք Ղարաբաղի սուբյեկտության դե ֆակտո ոտնահարումը չի սկսել հենց այդ ժամանակահատվածից, կամ արդյոք հենց այդ որոշումը չէր բեկումնայինը սուբյեկտությունն անդառնալիորեն չեզոքացնելու հարցում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment