Panorama.am. 14-6-2011- Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) վարձակալման ժամկետի երկարաձգման պայմանների շուրջ ընթացող քննարկումներում ֆինանսական հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:Աղբյուրը հիշեցնում է, որ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը որոշ ժամանակ առաջ ասել էր, թե Ադրբեջանը վարձակալման վճարը մտադիր է բարձրացնել:
«Պաշտոնական Բաքուն տարեկան վարձի բարձրացման հետ միասին առաջ է քաշել նաև մի քանի այլ առաջարկներ: Այդ թվում` էկոլոգիական խնդիրների նվազեցման նպատակով ՌԼԿ-ի նորացման աշխատանքների անցկացում, կայանի անձնակազմում ադրբեջանցի զինծառայողների թվի ավելացում, ինչպես նաև, Գաբալայի ՌԼԿ-ի զինծառայողների թաղամասում հիմնական ծառայությունների մատուցումը ադրբեջանական կողմին փոխանցում և այլն»,- գրում է կայքը:
2010 թվականին Ադրբեջանը զիջել էր կայանի օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց 1997 թվականից կուտակված պարտքը: Բացի այդ, Ադրբեջանը կայանին էլեկտրաէներգիա է վաճառել կոմերցիոն տարիֆով: Այժմ առաջարկվում է ավելացնել արժեքը:
Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության նոր պայմանագրի կազմման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011 թվականի վերջերին: Նոր պայմանագիրը ամենայն հավանականությամբ կհաստատվի 2012 թվականի փետրվար-մարտ ամիսներին:
Նշենք, որ Ադրբեջանի Գաբալայի շրջանում տեղադրված «Դարյալ» ՌԼԿ-ն հանձնվել է շահագործման 1985 թվականին: Այն եղել է ԽՍՀՄ հակահրթիռային համակարգի 8 կայաններից մեկը: Այն հանդիսանում է Ադրբեջանի սեփականությունը, բայց 2002 թվականին ստորագրված պայմանագրով մինչև 2012 թվականը վարձակալության է տրվել Ռուսաստանին: Վարձակալության չափը 7 մլն. դոլար է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment