Wednesday, June 15, 2011

ԱԴՐԲԵՋԱՆ. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻ, ՈՐՏԵՂ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԸ ՆԱԵՎ ԱՃԵՑՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ ԵՆ

«ԱԶԳ», 15-06-2011.- Ադրբեջանում թմրամոլությունը վերածվել է աղետի, որը վտանգում է անգամ այդ երկրի ազգային անվտանգությունը: Ընդ որում, եթե նախկինում հիմնահարցը չէր բարձրաձայնվում, ապա, այժմ, երբ այս թեմայի շուրջն ի հայտ եկան տարբեր միջազգային կազմակերպությունների համապատասխան զեկույցները, խնդիրը թաքցնելը դարձավ անհնարին:
Ադրբեջանի Թմրաբանության հանրապետական կենտրոնի բաժնի վարիչ Աֆետ Մամեդովը նշում է, որ երկրում թմրամիջոցներից կախման մեջ գտնվող մարդկանց թիվը տարեցտարի աճում է: Մարդիկ սկսում են թմրամիջոցներ օգտագործել արդեն 12-13 տարեկան հասակից: ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով` Ադրբեջանում թմրամոլների թիվը գերազանցում է 300 հազարը, նրանց 30-35 տոկոսը` ուսանողներ: Հարեւան երկրում չկա թմրամիջոցների օգտագործման դեմ մշակված քարոզչություն, թմրամոլների համար գոյություն չունեն վերականգնողական կենտրոններ: Իսկ դպրոցականները, որոնք բավարար գումար չունեն ավելի լուրջ ու թանկարժեք «դոզաների» համար, օգտագործում են էժանագին թմրամիջոցներ:

Ադրբեջանում աճել է նաեւ կին թմրամոլների թիվը: Չնայած վերջիններիս պաշտոնական թիվ նշվում է 500-ը, սակայն սա ընդամենը իրական թվի 10-15 տոկոսն է: Բնականաբար, հարեւան երկրում թմրամոլների թվի պաշտոնական վիճակագրությունը դեռեւս չի արտացոլում իրական պատկերը: Օրինակ` առողջապահության նախարարության տվյալներովՙ երկրում թմրամոլների թիվը հասել է 24 հազարի, մյուս կողմից, հետաքրքրական է, նույն տվյալներով` երկրի իրավապահ մարմինները առգրավել են 2,5 տոննա թմրամիջոցներ` տարբեր տեսակների: Այս ամենից առաջանում է բավական տրամաբանական հարց. ինչպե՞ս են 24 հազար ադրբեջանցիները տարեկան օգտագործում 2,5 տոննա թմրամիջոցներ:

ԱՄՆ պետքարտուղարության` «Թմրամիջոցների տարածման վերահսկողության միջազգային ռազմավարություն-2010» զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը թմրամիջոցների տարածման համար տարանցիկ երկիր է, որտեղով թմրամիջոցները Աֆղանստանից, Կենտրոնական Ասիայից, Իրանից մտնում են Ռուսաստան եւ Եվրոպա: Նույն զեկույցում նշվում է նաեւ, որ Ադրբեջանում աճել է թմրամոլների թիվը, իսկ ադրբեջանցի թմրամոլների շրջանում «առավել մեծ պահանջարկ» ունեն հերոինն ու թմրանյութ պարունակող աճեցված բույսերը:

Միջազգային փորձագետները ՄԱԿ-ի` Թմրամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ հրապարակած ամենամյա զեկույցներում համակարծիք են, որ «այնպիսի կոռումպացված երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, թմրամոլության դեմ պայքարը անիմաստ է դառնում»: Համաձայն ՄԱԿ-ի համապատասխան զեկույցի` Աֆղանստանից Եվրոպա թմրամիջոցների տարանցման «Բալկանյան ճանապարհը» հենց անցնում է Ադրբեջանի տարածքով: Թմրամիջոցները, փաստորեն, անարգել փոխադրվում են Իրան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհով: Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքներով եւ Սեւ ծովով դեպի Բուլղարիա փոխադրվում է Աֆղանստանից եկած թմրամիջոցների «տարեկան չափաբաժնի» 7 տոկոսը:

Երկրորդ «թմրաճանապարհը»` «Հին բալկանյանը», ուղղակիորեն անցնում է Իրանից Թուրքիա: Այստեղ հանցավորությամբ զբաղվող անձինք, որպես կանոն, օժանդակվում են Իրանի հյուսիսի քուրդ եւ ադրբեջանցի բնակչության կողմից: Այսպես` ամեն տարի այս ճանապարհով թուրքական Հաքքարի եւ Վան փոխադրվում է 95 տոննա հերոին:

Թմրամիջոցների փոխադրման երրորդ ճանապարհը սկսվում է Թուրքմենստանի Թուրքմենբաշու անվան նավահանգստից եւ Կասպից ծովով հասնում մինչեւ Բաքու, այնտեղից էլ` Ռուսաստան: Այս փաստը հաստատում է ՌԴ Թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը , որը Եսսենտուկիում կայացած միջգերատեսչական խորհրդակցության ժամանակ բացեիբաց հաստատեց, որ թմրավաճառներն օգտագործում են Ադրբեջանի տարածքը` իրենց ապրանքը Ռուսաստան մտցնելու համար: ՌԴ Անվտանգության դաշնային վարչության սահմանային ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վյաչեսլավ Դորոխինը ընդգծել է, որ Ադրբեջանը թմրամիջոցների տարանցման հարցում «երկրորդ ակտիվ երկիրն է»: Այս համատեքստում` հատկանշական է, որ ՄԱԿ-ի` թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Ադրբեջանում գործող ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանում գոյություն ունեցող նարկոմաֆիան էականորեն ղեկավարում են էթնիկ ադրբեջանցիները: Այս մասին, ի դեպ, վկայություններ կան նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի ` ժամանակին պետքարտուղարություն ուղարկված հեռագրում, որը հրապարակել է Wikileaks-ը:

2010-ի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարեց, որ Աֆղանստանից եկած թմրամիջոցների 35 տոկոսը անցնում է Ադրբեջանի տարածքով: Սա դեռ բավական չէ` իշխող կուսակցությունից` «Ենի Ազարբայջանից», պատգամավոր Ահադ Աբիեւը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ, որ «այսօր Ադրբեջանի տարածքով թմրամիջոցներն անցնում են մեծ ֆուրերով, որոնք պատկանում են մեծահարուստ գործարարներին»: Այս գործարարները զբաղվում են «տարանցիկ բիզնեսով». նրանք ունեն միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպության հատուկ կարգավիճակ, արտոնագիր եւ «անձեռնմխելիության իրավունք»:

Անցյալ տարի Ադրբեջանի Լենքորանի շրջանում տեղի ունեցավ տեղի բնակիչների բախում ոստիկանների հետ: Ձերբակալվեցին ավելի քան 30 հոգի, շրջանում հայտարարվեց արտակարգ դրություն: Ըստ տեղեկությունների` իրավիճակը սրել են նարկոբարոնները, որոնք օգագործում են Լենքորանի շրջանը` որպես թմրամիջոցների տարանցիկ գոտի:

Ադրբեջանցի նարկոբարոնները, ունենալով լայն կապեր Իրանում, տեղի բնակիչների շրջանում պարբերաբար օգտագործում են իրանամետ տրամադրությունների բարձրացման գործոնը կրոնական հողի վրա, որպեսզի ոստիկանության ուշադրությունը շեղեն բուն խնդրից` թմրամիջոցների տարանցումից: Դեռեւս 90-ականներին գոյություն ունեցող թմրամիջոցների տարանցիկ գոտիները` Իրան-Նախիջեւան-Թուրքիա եւ Իրան-Աստարա-Դաղստան, կրկին ակտիվացել են: Սկզբում այս ճանապարհները դեռեւս օգտագործվում էին «անկանոն», սակայն այժմ դրանք ստացել են «միջազգային կարգավիճակ»: Ավելի համակարգված աշխատանքի համար այս ճանապարհները վերահսկում են Ադրբեջանի պետական որոշ պաշտոնյաներ: Ի դեպ, 90-ականներին Ադրբեջանի վարչապետ Սուրաթ Հուսեյնովի մականուններից մեկը «նարկոբարոն» էր...:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ Թուրքիայում ձերբակալվել է գործարար Մուստաֆա Մազլումը, որը Ադրբեջանում ունի հերոինի արտադրման գործարան: Թուրքական մամուլը հայտնաբերել էր, որ Մուստաֆա Մազլումը նույն ինքը` ազգությամբ քուրդ Հուսեյին Բայբաշն է, որը թմրաբիզնեսի շրջանակներում առավել հայտնի է որպես «Եվրոպայի Էսկոբար»: Սա նշանակում է, որ բավական չէ այն, որ Ադրբեջանում կան եւ գործում են կոնկրետ հերոինի արտադրամասեր, գործարաններ, նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմինները գիտեն դրանց գոյության մասին, սակայն ոչ մի հակաքայլ չեն ձեռնարկում:

Այս համապատկերում ամենեւին էլ տարօրինակ չի թվում, որ Սումգայիթի եւ Քյուրդեմիրի շրջանների ոստիկանության պետ Մեհտի Գումբատովը նշանակվեց Բաքվի ոստիկանության քրեական հետաքննության բաժնի պետ, չնայած իր նախկին պաշտոնից ազատվել էր եւ ձերբակալվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից` Թարթառի շրջանի ոստիկանության օպեր լիազոր Զաբիլ Իսմայիլովի սպանությունը պատվիրելու համար: Իսկ սպանությունը պատվիրվել էր, քանի որ Իսմայիլովը Գումբատովի բնակավայրում` Ջամիլի գյուղում հայտնաբերել էր թմրանյութերի աճեցման պլանտացիա: Սումգայիթի ոստիկանության պետի պաշտոնից Գումբատովին ազատել են այն պատճառով, որ քաղաքում զգալիորեն ավելացել էին թմրամոլների ու թմրամիջոցների տարածման դեպքերը: Բացի սրանից` «տեղի ոստիկանությունը որեւէ կերպ պայքար չի ձեռնարկել այս չարիքի դեմ»: Այժմ այս անձը` Մեհտի Գումբատովը, Բաքվի քրեական հետաքննության բաժնի պետն է...

Հատկանշական է նաեւ, որ դեռեւս 2002-ին նախագահ Հեյդար Ալիեւը մեղադրեց Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Թավաքյուլ Մամեդովին` թմրակախվածություն ունենալու մեջ: Իսկ սրանից երկու տարի անց Գոբուստանի դատախազի աշխատասենյակում հայտնաբերվեցին թմրամիջոցներ: Այս եւ մի շարք այլ իրադարձությունները հիմք են տվել ադրբեջանցի փորձագետներին վկայելու, որ երկրում բազմաթիվ մանր եւ խոշոր պաշտոնյաներ օգտագործում են թմրամիջոցներ, իսկ ավելի շատ ու ավելի հաճախ` նրանց զավակները: Ի դեպ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրականացնելու մեղադրանքով անցյալ տարի Ադրբեջանում դատեցին Բաքվի նախկին դատախազ Ադալատ Միրսալամլիի եւ Ազիզբեկովի շրջանի դատախազ Ռաշիդ Հասանովի որդիներին: Սա ավելի շատ ցուցադրական դատավարություն էր, քանի որ ստվերում մնացին շատ ավելի մեծ հանցագործներ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ սոցիալական լուրջ խնդիրների հետեւանքով Ադրբեջանը վերածվել է ոչ միայն թմրամիջոցների տարանցիկ գոտու, այլեւ դարձել է մի երկիր, որտեղ դրանք աճեցվում եւ արտադրվում են: Սա նշանակում էՙ լուրջ նախադրյալներ կան, որոնք կարող են ադրբեջանցի ազգաբնակչությանը դրդել թմրամոլության եւ հարեւան երկիրը վերածել «թմրամոլների երկրի»:
ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԿՈՎԱ

No comments: