Wednesday, June 15, 2011

«Le Figaro». Էրդողանը երազում է թուրքական Ելիսեյան պալատի մասին

NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Լորա Մարշանի հոդվածը` հրապարակված ֆրանսիական «Le Figaro» պարբերականում:

Փաստերի գոյակցությունը զուգադիպություն է, բայց այդ զուգադիպությունից կարելի է հետեւություններ անել: Վարչապետի զորքերը երրորդ անընդմեջ հաղթանակը տարան Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում: Դրանից երեք օր առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի տվեց «Taraf» օրաթերթի խմբագրին` «մամուլի միջոցով վիրավորելու» մեղադրանքով: Դրա համար Թուրքիայում երեք ամսից մինչեւ երկու տարի ազատազրկում է սպառնում: Վարչապետի ցասման պատճառն ի հայտ եկավ դեռեւս հունվարին. Էրդողանը հրամայեց քանդել Թուրքիա - Հայաստան բարեկամության արձանը` պատճառաբանելով, թե այն «էսթետիկապես հրեշավոր» է: Ահմեթ Ալթանն իր հոդվածում Էրդողանի հրամանագիրն անվանեց «անհիմն բռիություն»: Այդ մեղադրանքը վարչապետին վիրավորել է: Դատարանում հայտնի լրագրողը կրնում էր նույն բանը:

«Ի՞նչ տեղի կունենա, եթե վարչապետը սկսի վեպեր կարդալ: Գուցե այդ դեպքում «Մադամ Բովարին» կամ «Աննա Կարենինան» այրենք հրապարակում»: Ահմեթ Ալթանի կարծիքով, 9 տարի իշխանությունը պահող Էրդողանի անհանդուրժողականությունը ցույց է տալիս «նրա անձի եւ գաղափարախոսության փոփոխությունը, մինչդեռ նախկինում նա ժողովրդավար էր, նույնիսկ` հեղափոխական, որը պայքարում էր բանակի իշխանության դեմ»:

Ալթանի նման շատ թուրքեր, որոնք պաշտպանում էին Էրդողանին, երբ իրենց սպառնում էին գեներալները, այժմ անհանգստանում են նրա ավտորիտար նկրտումների եւ նախագահական համակարգը սեփական պատկերացումներով սահմանելու ձգտումների պատճառով:

Սակայն Էրդողանի կողմնակիցներին այդ հարցերը չեն տանջում: Նրանք երախտապարտ են վարչապետին` կառուցված հիվանդանոցների, դպրոցների, գրադարանների, ճանապարհների համար: Երբ 2001-ին Էրդողանը եկավ իշխանության, երկիրը գտնվում էր սնանկության եզրին` նախորդ կառավարությունների ապաշնորհության զոհ: Էրդողանի օրոք Թուրքիան դարձավ աշխարհի 17-րդ տնտեսությունը:

Ավտոբուսային ժողովրդավարություն

Էրդողանն իր քաղաքական դիրքերն ամրապնդել է իսլամիստական կուսակցության շարքերում: 1994-ին նա նվաճեց Ստամբուլի քաղաքապետարանը Բարօրություն կուսակցության դրոշներով: Նրա հայտարարություններից մեկը մնաց պատմության մեջ.

«Ժողովրդավարությունն ավտոբուս է. տեղ հասնելուն պես պետք է իջնել»: Սակայն 1998 թվականին կրոնի փառաբանության բանաստեղծություններ կարդալու համար նա հայտնվեց բանտում եւ հասկացավ, որ քաղաքական իսլամը թույլ է տալիս իշխանություն նվաճել, սակայն պահպանել այն աշխարհիկ հանրապետությունում, այն էլ զինվորականների խնամակալությամբ հնարավոր չէ: Այդ եզրահանգումներից էլ 2001-ին ծնվեց իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը: Դրան հաջորդեցին Եվրամիությանն անդամակցելուն ուղղված բանակցությունները, ազատական օրենքները, տնտեսության վերականգնումը, պայքարը բանակի դեմ` զորանոցներ վերադարձնելու նպատակով:

Էրդողանի դարաշրջանում Թուրքական Հանրապետությունը 1923-ին հիմնադրվելուց հետո ապրեց իր երկրորդ հեղափոխությունը:

«Էրդողանն Աթաթուրքից հետո բոլորից շատ է վերափոխել Թուրքիան», – հայտարարեց նրա նախկին մամուլի քարտուղար Աքիֆ Բեքին: Սակայն վերջին տարիներին մուսուլման-ժողովրդավար ներկայացողը կորցրեց բարեփոխիչի ախորժակը:

Բրյուսելի հետ բանակցությունները սառեցված են, սակայն Էրդողանի համար ոչ մի տարբերություն չկա: Նա մխիթարվեց պաղեստինցիների պաշտպանի դերով եւ դարձավ արաբական աշխարհի աստղը: Սեփական ընտրողների համար եվրոպական երազանքը փոխարինեց օսմանյան փառքի վերականգնումով` շեշտելով Թուրքիայի միջազգային կարգավիճակը: Ընդդիմությունը նրան մեղադրում է վախի ռեժիմի ստեղծման եւ սուլթանական հավակնությունների համար: Լրագրողներին ազատազրկելը, ընդդիմախոսներին ահաբեկելը քննադատություն է ծնում:

Գրեթե ոչ ոք արդեն չի վախենում շարիաթի հեռանկարից: Թուրքերը համակերպվել են այս վարչապետին, որը միայն նարնջի հյութ է խմում եւ չի հանդուրժում ծխախոտ: Սակայն նրա հղումներն իսլամին, ալկոհոլը սահմանափակող օրենսդրությունն անընդունելի են ազատականների համար, իսկ առնվազն երեք երեխա ունենալու հորդորը զայրացնում է ֆեմինիստուհիներին: Առավել եւս, որ Էրդողանը հայտարարել է հաջորդ կառավարությունում կատարելիք փոփոխության մասին. Ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարարությանը փոխարինելու է Կնոջ եւ ընտանիքի հարցերով նախարարությունը:

Քաղաքական իսլամի փորձագետ Ռուսեն Չաքիրը պնդում է, որ 57 տարեկանում երրորդ ժամկետը իշխանավարող Էրդողանը երազում է ավտորիտար իշխանության մասին: Նա երազում է թուրքական Ելիսեյան պալատի մասին: Նա երկու ճանապարհ ունի: Կամ համառել նախագահական հավակնությունների հարցում, կամ պատմության մեջ մնալ որպես իր երկրին ժողովրդավարական Սահմանադրություն պարգեւած պետական գործիչ:

No comments: