Wednesday, June 29, 2011

Իսրայելը ցանկանում է ավելի խորացնել Հայաստանի հետ քաղաքական ոլորտում համագործակցությունը

News.am. 28-6-2011- Երեւանում այսօր՝ հունիսի 28-ին նշվեց Իսրայելի անկախության 63-րդ տարեդարձը։ Պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Հայաստանում ներկայացված դեսպանությունների ղեկավարներ եւ հասարակական-քաղաքական գործիչներ, Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներ։
«Իսրայելի եւ Հայաստանի ժողովուրդները, յուրօրինական կերպով մի շարք նմանություններ ունեն։ Մենք երկուսս էլ փոքր երկրներ ենք, որոշ մասով շրջապատված թշնամական երկրներով եւ մենք ունենք մարդիկ, ովքեր տառապել են հսկայական սարսափելի դժբախտություններով»,- նշեց Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը հանդիսավոր արարողության ողջույնի խոսքում՝ ավելացնելով, որ երկու ժողովուրդների նմանությունների շուրջ լայն քննարկումներ են ծավալվում՝ համեմատություններում նշելով երկու ազգերի խելացիությունը:
«Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները լավ են, սակայն դեռեւս հետագա բարելավման եւ համագործակցության առավել լայն շրջանակներ ստեղծելու կարիք կա տարբեր ոլորտներում՝ ներառյալ տնտեսությունը, մշակույթը եւ քաղաքական ոլորտը»,- ասաց դեսպանը՝ նշելով, որ Իսրայելում ապրում է ակտիվ հայ համայնք, որը նպաստում է երկկողմ հարաբերությունների կառուցմանը։
Իսրայելի անկախությանը նվիրված միջոցառման ավարտին համերգով հանդես եկավ հրեա ջազ երաժիշտ Ամիր Գվիրցմանը։

No comments: