Երեկ Դիրաբեքիրում տեղի է ունեցել քրդական Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի նիստը, որի ժամանակ կոնգրեսի առաջնորդ, պատգամավոր Ահմեթ Թուրքը կոչ է արել «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությանը բոյկոտել նոր գումարման խորհրդարանի աշխատանքները։
Քուրդ առաջնորդը կոչ է արել նաև իշխանությանն ու ընդիմությանը միջամտել և կանխել «սադրանքը»։
««Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն ու գլխավոր ընդդիմությունը պետք է միջամտեն՝ այդ բացահայտ սանդրանքը կանխելու և ընդունված որոշումը հետ կանչելու համար»,– ասել է Ահմեթ Թուրքը։
Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը, քուրդ քաղաքական գործիչներն այսօր նույնպես շարունակելու են քննարկումները՝ առաջացած խնդրի առնչությամբ վերջնական որոշում կայացնելու համար։
Միևնույն ժամանակ թերթը գրում է, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ վերջնական որոշումը կայացնելու է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։
«Եթե այսօր Դիրաբեքիրում խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին որոշում ընդունվի, հարցին միջամտելու է Աբդուլլահ Օջալանը։ Սահմանադրական դատարանի կողմից «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությունը փակելու մասին ընդունված որոշումից հետո Ահմեթ Թուրքն ու Այսել Թուղլուքը որոշում էին կայացրել «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության խմբակցությունը հանել խորհրդարանից։ Սակայն միջամտեց Օջալանը, և նրանք հետ կանգնեցին իրենց որոշումից։ Հիմա էլ վերջին խոսքն ասելու է Աբդուլլահ Օջալանը»,– գրում է թուրքական պարբերականը՝ տեղեկացնելով, որ քուրդ առաջնորդն առաջիկայում հանդիպելու է իր փաստաբանների հետ։
«Միլլիյեթի» հետ հարցազրույցում «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության նախկին առաջնորդ, պատգամավոր Սելահաթթին Դեմիրթաշը նշել է, որ ներկա պահին իրենք քննարկում են խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու և միջանկյալ ընտրությունների գնալու հարցը։ Բացի այդ, Դեմիրթաշը չի բացառել, որ ստեղծված իրավիճակում PKK–ն չեղյալ կհայտարարի զինադադարը։
Նշենք նաև, որ երեկ Թուրքիայի մի շարք նահանգներում քրդերը բողոքի ցույցեր են կազմակերպել՝ ի պաշտպանություն Հաթիփ Դիջլեի։ Բողոքի ակցիաներն ուղեկցվել են նստացույցերով։ Իսկ Ստամբուլում իրավապահները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Հիշեցնենք, որ ԲԸԽ–ի որոշմամբ պատգամավորական մանդատից զրկվել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող Հաթիփ Դիջլեն։ ԲԸԽ–ն իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ նախքան ընտրությունները «Քրդստանի համայնքների միության» (KCK) (համարվում է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ճյուղերից մեկը) դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կալանավորված Հաթիփ Դիջլեն դատարանի կողմից «ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու» մեղադրանքով դատապարտվել էր 1 տարի 8 ամսվա ազատազրկման։
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում քուրդ գործչի թափուր աթոռը կզբաղեցնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment