Thursday, June 23, 2011

Դ.Ջամալյան.«Արցախի ժողովրդին հաղթել չի լինի»

Panorama.am. 23-6-2011- «Քանի դեռ ԼՂ հակամարտության լուծման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ Կազանի հանդիպումից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Ըստ Դ.Ջամալյանի, առավելագույնը ինչ կարող ենք ակնկալել Կազանի հանդիպումից, դա տեսանելի ապագայում պատերազմը բացառող որևէ փաստաթղթի կամ հայտարարության ընդունումն Է:
Փորձագետը նշեց, որ, ինչպես միշտ, եռանախագահների հանդիպումից առաջ Ադրբեջանը էլ ավելի է ակտիվացնում իր հակահայկական և ռազմական քարոզչությունը և այս հանդիպումը ևս բացառություն չէ, միակ տարբերությամբ, որ այս անգամ փորձ է արվել ներգրավել միջազգային որոշ կառույցներ (Միջազգային ճգնաժամային խումբ) և որոշ լրատվական միջոցների ներկայացուցիչներ (The New-York Times):
Դ. Ջամալյանը ասաց, որ ստահոդ քարոզչություն է տարվում, թե իբր ադրբեջանական բանակը այս ամսվա ընթացքում կտրուկ ուժեղացրել է իր ռազմական հնարավորությունները: Վերջինս գտնում է, որ տեղեկությունները ընդամենը քարոզչության գործիք են և հավելեց, որ «չկա որևէ ռեալ գործոն, որ կարող է կտրուկ ուժեղացնել ադրբեջանական զինված ուժերը»:
Դ.Ջամալյանը նշեց, որ Հայաստանում հակաադրբեջանական քարոզչություն չի տարվել և գտնում է, որ նույնիսկ դրա կարիքը չկա, քանի որ ադրբեջանցիների այնպիսի գործողություններ ինչպիսիք են օրինակ՝ Գուրգեն Մարգարյանի սպանությունը կամ Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, ինքնին արդեն ստեղծում է իրենց հանդեպ մեր ժողովրդի անվստահությունը:
Ըստ նրա, միայն հակահայ քարոզչությամբ հնարավոր չէ բարձրացնել ադրեջանցիների ռազմահոգեբանական վիճակը, քանի որ ռազմական հոգեբանությունը ավելի լայն հասկացություն է: Եվ հավելեց, որ 1992-1993թթ.-ներին պակաս հակահայ քարոզչություն չի տարվել, սակայն միևնույնն է ադրբեջանական բանակը բարոյալքված էր և պարտություն կրեց պատերազմում:

Փորձագետը նշեց, որ ադրբեջանցիները պատերազմի հնարավոր վերսկսման պարագայում՝ ռազմական գործողությունների տեսանկյունից հայկական կողմի և ադրբեջանական կողմի խնդիրները այլ են լինելու: Ըստ նրա, Ադրբեջանը ստիպված է լինելու հարձակողական գործողությունների դիմել, ինչը անխուսափելիորեն բերելու է նրա կողմից բազմաթիվ զոհերի, իսկ հայկական կողմի խնդիրը լինելու է պաշտպանությունը: Եվ հավելեց, որ «Արցախի ժողովրդին հաղթել չի լինի»:

No comments: