Sunday, June 5, 2011

Իսրայելը սպառազինում է Ադրբեջանին

News.am. 4-6-2011- Թուրքական «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականը, հղում անելով France-Presse գործակալությանը, գրում է. մուսուլմանական Բաքվի հենց սրտում պետության միջոցներով կառուցված ժամանակից սինագոգում տղամարդիկ իվրիտով առավոտյան աղոթք են անում: Թեեւ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա մուսուլման է, սակայն կառավարությունը վերջին տարիներին ֆինանսավորել է Բաքվում երկու նոր սինագոգների շինարարությունը եւ ջերմ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, ինչը վրդովեցնում է իսլամական հարեւանին` Իրանին:
Էներգառեսուրսներով հարուստ Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ պարգմատիկ են, հիմնված են նավթի արտահանման եւ զենքի ու ռազմական տեխնիկայի ներմուծման վրա: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն անցած տարի կազմեց 1,8 միլիարդ դոլար:
«Երկու երկրներից յուրաքանչյուրը կարծում է, որ հեշտ է նույնություն հաստատել մյուսի աշխարհաքաղաքական դժվարությունների հետ: Երկուսն էլ Իրանը դիտարկում են որպես սպառնալիք իրենց գոյության անվտանգությանը», – ասվում էր Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության թղթակցությունում, որը հրապարակել էր WikiLeaks-ը:
Երկիրն ունի իսրայելական զենքի կարիք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին հզորացնի զինված ուժերը:
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ` Բաքուն Իսրայելից գնել է մի քանի հարյուր միլիոն դոլարի մարտական սարքավորում, ռազմական հաղորդակցության տեխնոլոգիաներ, անօդաչու ինքնաթիռներ:
Վերլուծաբանները ենթադրում են, որ Ադրեբեջանն Իսրայելում դեսպանատուն չունի, որովհետեւ չի ցանկանում վիրավորել Իսլամական կոնֆերանսի կազմակերպության մուսուլման գործընկերներին, թեեւ Իսրայելն ունի դեսպանատուն Բաքվում եւ Ադրբեջանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից է:
«Իսրայելը մուսուլմանական երկրների հետ բարեկամական հարաբերությունների կարիք ունի», – ասում է Բաքվի քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն` ավելացնելով, որ հրեական պետությունն էլ աջակցում է Ադրբեջանին` Ղարաբաղի հուզական հարցում:

«Ադրբեջանի պատմության մեջ չեն եղել հրեաների բռնաճնշումներ, իսկ Իսրայելը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – ասել է վերլուծաբանը:

Սակայն իսլամական ակտիվիստները բողոքում են, որ կառավարությունը ֆինանսավորում է սինագոգների շինարարությունը, իսկ մի քանի մզկիթներ փակվել են, կասկածյալ իսլամիստներ են ձերբակալվել, դպրոցներում արգելվել է հիջաբը` կրոնական ծայրահեղականությունը արմատախիլ անելու ծրագրի շրջանակում:

Մուսուլման մարտիկները նաեւ պահանջում են ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության փակել Բաքվում Իսրայելի դեսպանատունը:

Հայաստանը նույնպես մեղադրում է Ադրբեջանին անհանդուրժողականության մեջ, քանի որ երկրի էթնիկ հայկական մեծաթիվ բնակչությունը փրկվելու համար լքեց երկիրը, երբ 1990-ականների սկզբի միջէթնիկ բռնության արյունալի բռնկումների ֆոնին ռազմական գործողություններ սկսվեցին Ղարաբաղում:

No comments: