Նրա հայտարարությունը մոտավորապես նույն կարգի է, ինչ օրերս Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հայաստանցի մի քաղաքագետի արտահայտություն, թե ստատուս-քվոն ձեռնտու է միայն Ադրբեջանի իշխանությանը:
Թեեւ կարելի է վիճարկել իհարկե, թե հատկապես որ հայտարարությունն է առավել անտրամաբանական:
Բայց, եթե օրինակ Հայաստանի հանրայինով հնչող այդօրինակ հայտարարությունները նոր են, ապա ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Զախարովի հիպոթեզը նոր չէ: Ռուսները վաղուց են փորձում Հայաստանի հասարակությանը համոզել, որ ԱՄՆ Ղարաբաղը ուզում է, որ Իրանի դեմ պլացդարմ ունենա: Այսինքն, փորձում են համոզել, որ օրինակ այդ մենք չենք Հայաստանին պարտադրում տարածք տալ Ադրբեջանին ու կարգավորել հարցը, այլ Ամերիկան է դրանում ամենից շահագրգռվածը, իսկ ահա ստատուս-քվոն եղբայրաբար պահում ենք մենք: Ամիսներ առաջ Երեւան էր եկել մեկ այլ ռուս ոչ այն է քաղաքագետ, ոչ այն է հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն, ով նույնպես փորձում էր հայաստանցիներին համոզել, որ Ղարաբաղի հարցում Արեւմուտքն է շահագրգռված ստատուս-քվոն հայկական կողմի հաշվին փոփոխելու գործում, որովհետեւ Իրանի խնդիր կա:
Իրականում իհարկե դա պարզագույն մի հնարք է, որ ռուսները բանեցնում են հայաստանցիների գլխին` իբր տեսեք այդ Ամերիկան ձեզանից տարածք է պահանջում, իսկ մենք պահում ենք ձեզ: Բանն այն է, որ Ղարաբաղի տարածքը Իրանի դեմ ծառայեցնելու հիպոթեզը առավելապես մտացածին է:
Նախ, եթե խոսքը վերաբերում է ցամաքային օգտագործմանը, ապա այդ առումով իհարկե կա մի քանի խնդիր: Գլխավորը` ԱՄՆ ռազմա-քաղաքական ղեկավարությունը ամենեւին հիմար չէ, Իրանի դեմ ցամաքային գործողություն սկսելու համար, այն էլ Իրաքի եւ Աֆղանստանի պարագայում: Իրանն Իրաք չէ եւ ոչ էլ Աֆղանստան: Այդ պատերազմը կլինի տարածաշրջանային գլոբալ քաոսի սկիզբ, ինչը որեւէ կերպ չի բխում ԱՄՆ շահից, քանի որ շղթայական ռեակցիան կարող է շարքից հանել անգամ այն քիչ թե շատ ձեռքբերումները, որ օրինակ արձանագրվում են արաբական երկրներում վերափոխումների տեսքով:
ԱՄՆ Իրանի դեմ առավելագույնը կարող է կիրառել հրթիռային կամ օդանավային հարվածների տարբերակներ, այն էլ թերեւս ոչ շուտ, քան 2013 թվականը, քանի որ 2012 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահի ընտրություն է: ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի համար նախընտրական պատերազմը հազիվ թե լինի քարոզչական նպատակահարմար հնարք, երբ երկրում առկա է սոցիալ-տնտեսական լուրջ իրավիճակ եւ կան Իրաքի ու Աֆղանստանի ռազմական ահռելի ծախսերը:
Իհարկե, ԱՄՆ տնտեսությունը կարող է գուցե դիմանալ, բայց ամերիկացի ընտրողը հազիվ թե դիմանա ծախսատար եւս մի պատերազմի:
Բայց, նույնիսկ այն դեպքում, եթե ԱՄՆ որոշի հրթիռային հարվածներ հասցնել Իրանին, ինչը ամենայն հավանականությամբ կարվի միայն միրջազգային լայն կոալիցիա ապահովելու դեպքում, նա Ղարաբաղի տարածքի կարիք չունի, քանի որ ԱՄՆ թերեւս միայն մի ավիակիր նավը բավական է Իրանին օդային հարվածներ հասցնելու համար:
Խնդիրը սակայն այն է, որ ռուսական պրոպագանդան Հայաստանում բավականաչափ հանրային արձագանք ունենում է եւ Հայաստանի հասարակության անգամ բավականաչափ ինտելեկտուալ շերտեր համոզված են, որ Ղարաբաղը ԱՄՆ-ին պետք է Իրանի դեմ արշավի համար:
Խնդիրն այստեղ այն է, որ երեւի թե ամերիկացիներն իրենք էլ դեռեւս չունեն իրանյան հարցում հստակ պատկերացում, թե ինչ սցենարով են պատրաստ զարգացնել իրադարձությունները: Այսինքն, կոնկրետ այդ համատեքստում նրանք իրենք էլ երեւի թե դեռ հստակ չեն պատկերացնում, թե ասենք Իրանի դեմ Ղարաբաղն իրենց պետք է, թե պետք չէ, կամ ինչպես է պետք, ինչով է պետք, ումով է պետք: Իսկ գուցե պետք է հայերով, հայկական զինուժով: Այսինքն ամերիկացիները գուցե նախընտրում են, որ իրանական խնդրի արդյունավետ լուծման համար Հարավային Կովկասում անհրաժեշտ է ունենալ ռազմա-քաղաքական հենց ներկայիս հավասարակշռությունը:
Այստեղ Ղարաբաղի հարց չէ, այլ Հարավային Կովկասի հարց: Իսկ Հարավային Կովկասի հարցը բարդանում է, երբ տարածաշրջանային ստատուս-քվոն խախտվում է հօգուտ Ադրբեջանի, որովհետեւ կովկասյան տարածաշրջանն իր էթնո-քաղաքական առանձնահատկություններով հանդերձ պահանջում է բավական նկատելի բալանսավորվածություն: Ստատուս-քվոյի խախտումը նշանակում է այդ բալանսավորվածության խախտում: Իսկ քանի դեռ գերտերությունների միջեւ տարածաշրջանային մրցակցությունը շարունակվում է, այդ բալանսավորվածության խախտումը չի բխում նրանցից որեւէ մեկի ռազմավարական շահից: Առավելագույնը` կարող է լինել պայքար խախտելու իրավունքի համար, բայց այդ դեպքում հավասարաչափ շահագրգռություն կարող են ունենալ թե ԱՄՆ, թե Ռուսաստանը, ինչպես որ այդ մրցակցությունում տանուլ չտալու համար էլ նրանք կարող են հավասարապես շահագրգռված լինել ստատուս-քվոյի պահպանության հարցում:
Ըստ ամենայնի, այդ բանը ժամանակի ընթացքում հասկացավ նաեւ Ռուսաստանը, որ փորձում էր 2008 թվականին հայ-թուրքական գործընթացի միջոցով ազդել ղարաբաղյան գործընթացի վրա եւ այդպիսով ստատուս-քվոյի խախտման իրավատեր դառնալ, դրանից բխող արդյունքներով հանդերձ: Բայց Մեդվեդեւը երեք տարվա ընթացքում հավանաբար հասկացավ, որ դա մեծ ռիսկ է Ռուսաստանի համար, եւ եթե անգամ ԱՄՆ իր տնտեսա-քաղաքական զգալի պոտենցիալով չի փորձում ստատուս-քվո խախտել, ապա Ռուսաստանը առավել եւս պետք է բավարարվի ընդամենը առկա իրավիճակը պահելու ջանքով:
Այդտեղ ահա Հայաստանից թերեւս պահանջվում է համակվել ոչ թե սեփական ավելորդության, այլ առաքելության զգացումով: Ի վերջո, կարեւոր տարածաշրջաններում նշանակալի ռազմական հաղթանակները պարտադրում են մտածել առաքելության մասին, բայց Հայաստանում չգիտես ինչու ավելի շատ շերտեր ավելորդության մտածումներով են տարված:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment