Wednesday, June 29, 2011

Ա. Շաքարյան. Եթե բանը հասնի զենքին, Թուրքիան երբեք չի խուսափի դրա կիրառումից

Panorama.am. 28-6-2011- «Թուրքիան ու Սիրիան 1998-ի պատերազմի շեմից հասել էին բարիդրացիական այնպիսի հարաբերությունների, որ Թուրքիան այսօր Սիրիայի առևտրատնտեսական գործընկերն է, ու դրանից բացի, այսօր Սիրիայի ու Թուրքիայի միջև վիզային ռեժիմ չկա` բաց սահման է: Սակայն, կարծես, հիմա իրավիճակը բավականին խնդրահարույց է, որովհետև մոտ 12 000 փախստական է անցել Սիրիայից Թուրքիա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով թուրք-սիրիական հարաբերություններին, հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Ա. Շաքարյանի խոսքերով, Թուրքիան այսօր շատ կարևոր խնդրի առաջ է: Թուրքիան զորքեր է մոտեցրել թուրք-սիրիական սահմանին և դիտարկում է այն պլանը, որ հնարավոր է Հյուսիսային Իրաքի նմանությամբ բուֆերային գոտի ստեղծի Սիրիայում:

«Այսինքն թուրք զինվորները մի քանի կիլոմետր մտնեն Սիրիայի տարածք ու, բուֆերային գոտի ստեղծելով, փորձեն կարգավորել փախստականների հոսքը դեպի Թուրքիա, որովհետև այն 12 000 փախստականները, որի մասին խոսք է գնում, բոլորն էլ արաբ չեն: Նրանց մեջ շատ քրդեր կան, այդ թվում` նաև «Քրդական բանվորապական կուսակցության» անդամներ, ինչը բավականին լուրջ անվտանգության խնդիր է Թուրքիայի համար», - ասաց թուրքագետը:
Շաքարյանը ստեղծված իրավիճակում կարևորեց նաև Իրանի հանգամանքը:
«Իրանը թույլ չի տա, որպեսզի Սիրիայի վրա մեծ ճնշում գործադրվի: Վերջինս նույնիսկ Անկարային սպառնացող ուղերձներ է հղել, որ եթե ՆԱՏՕ-ի հետ համագործակցեց Սիրիայի հարցում` «վերջը վատ կլինի»», -նշեց Շաքարյանը:
Թուրքագետի կարծիքով, մի քանի հանգամանք կա, որը թույլ չի տա ՆԱՏՕ-ին այդքան հեշտությամբ ռմբակոծել Սիրիան:
«Նախ և առաջ Օբաման ընտրությունների շեմին է կանգնած ու նրան հաստատ պետք չէ ևս մեկ պատերազմ: Երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ում Սիրիայի դեմ բանաձև անցկացնել թույլ չեն տա: Եվ անմենակարևորն այն է, որ Սիրիայի հարևանը` Իրանն է, իսկ Իրանի հարևանությամբ ՆԱՏՕ-ի օպերացիան բավականին խնդրահարույց է», - մեկնաբանց բանախոսը:
Այս առումով, փորձագետը կարծում է, որ Թուրքիան կարող է դառնալ միջնորդ երկիր Սիրիայի ու Արևմուտքի միջև: Հետևաբար առաջիկա մի քանի ամիսներին Թուրքիայի արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը թուրք-սիրիական հարաբերություններն են:
Թուրքագետն անդրադարձավ նաև Թուրքիայի հարևան պետությունների հետ հարաբերությունների «զրո խնդիր» քաղաքականությանը. «Որ երկրի հետ արձանագրությունների մակարդակով ինչպիսի քաղցր հարաբերություն էլ ունենա Թուրքիան, եթե բանը հասնի զենքին, նա չի խուսափի դա կիրառելուց»:
«Նույնիսկ հայ-թուրքական հարաբերություններում էլ Թուրքիայի հետ որքան էլ բարիդրացիական արձանագրություններ կնքենք, եթե թուրքիան որոշի զենք օգտագործել, նա կօգտագործի»,- հավելեց նա:

No comments: