Thursday, June 30, 2011

ՊՆ. Ադրբեջանը հերթական անգամ փորձում է հայկական կողմի վրա բարդել իր բանակում անհանդուրժողականության հարաբերությունները

News.am. 30-6-2011- Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակի հետեւանքով Նախիջեւանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն. օրինակ, միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից 5 անգամ:
Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջեւ անհանդուրժողականության հետեւանք: Եթե ադրբեջանական կողմը այլ փաստարկ ունի, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար»,- նշել է Կարապետյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղեկություն են տարածել, որ Նախիջեւանի Շահբուզի շրջանում միջադեպ է գրանցվել, որի արդյունքում 20-ամյա Սարհան Ազեր օղլու Ահմեդովը, հրազենային վնասվածք է ստացել:

No comments: