Thursday, June 30, 2011

Կարգավորման գործընթացի հեռանկարները

Հարցազրույց «Արմեդիա» ՏՎԳ գլխավոր խմբագիր, վերլուծաբան Աննա Մկրտչյանի հետ
-Կազանյան հանդիպման ձախողումից հետո կարելի՞ է փաստել, որ բանակցային գործընթացն այլեւս փակուղում է:
-Չնայած այս հանդիպման հետ միջնորդները մեծ հույսեր էին կապում եւ այժմ էլ նրանք՝ հատկապես ՌԴ նախագահը, չեն թաքցնում իրենց հիասթափությունը, բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն: Եվ Կազանում նախագահների կողմից ընդունված հայտարարությունն, ըստ էության, վկայում է, որ կողմերը կշարունակեն բանակցել “մադրիդյան” սկզբունքների շուրջ: Դժվար է ասել՝ որքանով արդյունավետ կլինեն այդ բանակցությունները, քանի որ չկան երաշխիքներ, թե Ադրբեջանը չի շարունակի երկակի խաղ խաղալ՝ փորձելով բնակցությունների պատրանք ստեղծել եւ վճռական պահին անակնկալներ մատուցել:
Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված տեսնելու միջազգային հանրության մեծ ցանկությունը՝ վերջինս չի կարող Ադրբեջանի նման գործելաոճը երկար հանդուրժել:

-Ղարաբաղյան կարգավորումը մոտեցնելու նպատակով ի՞նչ քայլերի կարող է դիմել միջազգային հանրությունը կամ միջնորդները:
-Մինչեւ կազանյան հանդիպումը՝ ղարաբաղյան հարցով Եվրախորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ եթե կողմերը մոտ ապագայում չընդունեն Մադրիդյան առաջարկությունների Հիմնարար սկզբունքները, միջնորդները ստիպված կլինեն կարգավորման նոր հայեցակարգով հանդես գալ: Դատելով կազանյան հանդիպման արդյունքում ընդունված հռչակագրից՝ միջնորդները ցանկանում են երկարացնել կողմերին հատկացված ժամանակը: Այնուամենայնիվ, եթե այս վերջին հնարավորությունն էլ չօգտագործվի, միջնորդներն իսկապես ստիպված կլինեն հանդես գալ կարգավորման նոր հայեցակարգով:
Ի վերջո, կան կայացած փաստեր՝ անկախ ԼՂՀ-ն այլեւս իրողություն է: Մինչդեռ Ադրբեջանը համառորեն շարունակում է աչք փակել իրականության վրա: Կազանյան հանդիպումից առաջ Euronews-ին տրված հարցազրույցում Իլհամ Ալիեւը մինշանակ հայտարարել էր, “թե Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ զիջման գնալ, նա չի պատրաստվում զիջել այն, ինչ իրենն է”:
Միջնորդները հստակ գիտակցում են, որ Բաքվի՝ իրականությունից կտրված եւ ծայրահեղական նման կեցվածքը որեւէ կերպ չի կարող մոտեցնել հակամարտության կարգավորումը:
Նախ Ադրբեջանը փորձեց զենքի ուժով “պատժել” արցախցիների ինքնորոշման ձգտումը՝ սանձազերծելով ղարաբաղյան պատերազմը: Այնուհետեւ՝ բանակցությունների տարբեր փուլերում, Բաքուն շարունակաբար մերժել է կարգավորման փաթեթները: Ադրբեջանը տարիներ շարունակ հայտարարում է, թե պատրաստ է ինքնավարության հնարավորինս բարձր աստիճան տրամադրել Արցախին, մինչդեռ ժամանակին մերժեց միջնորդների՝ “ընդհանուր պետության” առաջարկը, որն Ադրբեջանի կազմում լայն ինքվարություն էր ենթադրում Արցախի համար: Բաքուն այսօր վերապահումով է մոտենում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից ինքնորոշման իրավունքին. Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, թե պատրաստ են արցախցիներին թույլ տալ ինքորոշվել, սակայն այդ ինքնորոշումը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Նման մոտեցումը կասկածի տակ է դնում միջազգային ողջ իրավակարգը եւ հակասում է քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին, առաջին հերթին՝ ժողովրդավարության սկզբունքին:
Այս ամենից հետո միջազգային հանրության աչքերում վերականգնվելու եւ, քիչ թե շատ, ժողովրդավար եւ կառուցողական երեւալու Ադրբեջանի միակ շանսը կարող են ԼՂՀ հետ անմիջական բանակցությունները լինել:
Միայն ԼՂՀ հետ անմիջական, առանց որեւէ նախապայմանի բանակցությունները կարող են Ադրբեջանին հնարավորություն տալ ապացուցելու հակամարտությունը կարգավորելու իրական պատրաստակամությունը եւ սեփական կառուցողականության հավաստիացում լինել: Խոսքը, բնականաբար, իրական բանակցությունների մասին է, եւ ոչ թե Ադրբեջանի կողմից արդեն սովորական դարձած ահաբեկման քաղաքականության:
Այս իմաստով, ՀՀ համար ընդունելի կլինի ԼՂՀ-Ադրբեջան բանակցությունների ցանկացած արդյունք, որն ընդունելի է ԼՂՀ համար: Միաժամանակ Ադրբեջանը պետք է հաշվի առնի նաեւ, որ ՀՀ-ն ԼՂՀ ժողովրդի անվտանգության փաստացի երաշխավորն է. դեր, որը ղարաբաղյան հակամարտության սկզբում տարերայնորեն ստանձնեց Հայաստանը, սակայն որն, ինչ որ իմաստով, նաեւ միջազգային հանրության պատասխանատվության շրջանակներում է:

-Իսկ կարո՞ղ են արդյոք լինել երաշխիքներ, որ նման բանակցությունների արդյունքում Ադրբեջանը կառուցողականություն կդրսեւորի: Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել նման ձեւաչափը:
-Ինչպես արդեն նշեցի, ԼՂՀ հետ անմիջական բանակցությունները միջազգային հանրության կողմից Ադրբեջանին տրված վերջին հնարավորությունը կարող են լինել: Իհարկե, չկան երաշխիքներ, որ այս ձեւաչափում Ադրբեջանը կփոխի իր մարտավարությունը: Այդ իսկ պատճառով էլ, բանակցությունների համար հստակ վերջնաժամկետ պետք է սահմանված լինի, որի շրջանակներում կողմերի միջեւ համաձայնության ձախողման դեպքում, միջազգային հանրությանը չի մնա ոչինչ, քան ԼՂՀ անկախության ճամաչումը: Այսինքն՝ երբ սպառված լինի բանակցությունների ողջ ռեսուրսը, միջազգային հանրությունը պարզապես ստիպված կլինի ֆորմալիզացնել առկա փաստացի վիճակը:
Ի վերջո, հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունների կարգավորման խնդիրն առավել հրատապ դարձավ 2008թ. հարավօսական իրադարձություններից հետո. միջազգային հանրության համար հստակ դարձավ, որ սառեցված յուրաքանչյուր հակամարտություն ակտիվանալու պոտենցիալ վտանգն ունի: Հետեւաբար, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու տեսանկյունից միջնորդներին չի մնա ոչինչ, քան ԼՂՀ անկախության ճանաչումը:
Panorama.am.30-6-2011.

No comments: