Tuesday, June 7, 2011

Իսրայել-Ադրբեջան «սիրախաղ»՝ ընդդեմ Իրանի

Aysor.am. 6-6-2011- Վերջին շրջանում ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, ինչը պայմանավորված է 2 կողմերի՝ միմյանց նկատմամբ ունեցած պրագմատիկ շահերով: Պետք է նշել, որ Ադրբեջանում կա իսրայելական համայնք` իր համայնքային կառույցներով, սինագոգներով, որոնց գործունեությանը նպաստում է նաև ադրբեջանական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը դեպի այս համայնքը: Ադրբեջանական իշխանությունները հետաքրքրված են խորացնել երկկողմ հարաբերությունները Թել-Ավիվի հետ, ինչի համար կան մի շարք գործոններ:
Ադրբեջանը իսրայելական կողմի համար կարևոր մատակարարող է էներգետիկ տեսանկյունից, քանի որ Իսրայելը իր էներգակիրների 45 %-ը ներկրում է Ադրբեջանից, ինչը Բաքվի համար պետական բյուջեի համալրման լավագույն միջոցներից է: Բաքվի համար կարևոր է իսրայելական կողմի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը, որը պաշտոնական Բաքվի կարծիքով, կուժեղացնի Ադրբեջանի զինված ուժերի մարտունանկությունը` իսրայելական զենքի և տեխնիկայի հաշվին: Ադրբեջանը, խորացնելով հարաբերությունները Իսրայելի հետ, նպատակ ունի օգտագործել ԱՄՆ-ում և Եվրոպայում հզոր լոբբիստական գործունեություն ծավալող հրեաների աջակցությունը:

Բացի այդ, Իլհամ Ալիևը զգուշանում է Ադրբեջանում իսլամիստական շարժման ակտիվացմամբ՝ զերծ մնալով իրանական «իսլամական հեղափոխության ներմուծումից»: Չպետք է անտեսել, որ Ադրբեջանը մշտապես հանդես է եկել Իրանի նկատմամբ տարածքային պահանջներով, քանզի, ինչպես հայտնի է, Իրանի հյուսիսային թյուրքաբնակ նահանգների նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ունի (Ադրբեջանում այդ տարածքները Հարավային Ադրբեջան են անվանում):

Այսպես, Իսրայելի նպատակը՝ կազմաքանդել Իրանի պետականությունը և նպաստել անջատողական շարժումների ակտիվացմանը Իրանի տարածքում, բխում են նաև Ադրբեջանի շահերից: Ադրբեջանա-իսրայելական տանդեմի գործունեությունը կարող է նպաստել անջատողականության աճին` հատկապես` Իրանի հյուսիսում, նպատակ ունենալով հետագայում այդ տարածքները միացնել Ադրբեջանին:

Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները կարելի է բնութագրել «նավթ` զենքի դիմաց» բանաձևով: Սակայն, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը ցանկանում է պահապանել կապերը նաև իսլամական աշխարհի հետ, այդ իսկ պատճառով մինչ այսօր Ադրբեջանը չունի իր դեսպանատունը Իսրայելում, չնայած նրան, որ վերջինիս դեսպանատունը գործում է Բաքվում: Կարելի է ենթադրել, որ որքան ուժեղանա իսրայելա-իրանական հակամարտությունը և իսլամիստական ուժերի ազդեցությունը Ադրբեջանում, պաշտոնական Բաքուն կցանկանա սերտացնել հարաբերությունները Թել-Ավիվի հետ:

Իր հերթին Իսրայելի համար Ադրբեջանը նավթագազային այլընտրանքային մատակարար է, որը կարող է ապահովել Իսրայելի էներգետիկ անվտանգությունը, եթե հաշվի առնենք Իսրայելի հարաբերությունները հարևան արաբական աշխարհի երկրների հետ, որոնք, հարուստ լինելով նավթով և գազով, պաղեստինյան խնդրի պատճառով ունեն հակաիսրայելական դիրքորոշումներ:

Բացի այդ, Իսրայելի համար զենքի վաճառքը բերում է մեծ եկամուտներ, ինչպես նաև` զենքը վաճառելով Ադրբեջանին` Թել-Ավիվը ստանում է ազդեցության լծակներ Բաքվի քաղաքականության վրա: Իսրայելը, շարունակելով խիստ լարված հարաբերություններ պահպանել Իրանի հետ, որպես հակակշիռ ընդունում է Ադրբեջանին:

Իսրայելը շահագրգռված է Ադրբեջանի հետ խորացնել իր հարաբերությունները, դրանով իսկ նպաստելով ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացմանը և երկու շիա պետությունների միջև անդունդի խորացմանը:

No comments: