Սերժ Սարգսյանի ելույթից մեկ օր անց հրապարակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը Մոսկովսկիե Նովոստի պարբերականին, որտեղ էլ Տեր-Պետրոսյանն էր փաստացի փորձում դրսեւորել իր փոխզիջումային համոզմունքների անսասանությունը:
Այնպիսի տպավորություն է, որ երկու բավական ոգեդաշնակ այդ ելույթներով Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը մրցակցում են, թե ով է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ավելի հանդուրժող, ում հանդուրժողությունն է ավելի հիմնարար, ավելի հին, խորը, հաստատուն:
Եվ զարմանալին, ու թերեւս ցավալին այն է, որ դա տեղի է ունենում Կազանի հանդիպման նախօրեին: Այսինքն, Կազանից առաջ Հայաստանի իշխանության ու ընդդիմության առաջին դեմքերը իրենց պատրաստակամությունն են հայտնում ստորագրել մի փաստաթղթի տակ, որը ըստ էության նշանակում է հրաժեշտ տարածաշրջանում Հայաստանի եւ Ղարաբաղի ռազմաքաղաքական նշանակությանը, դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Մի փաստաթուղթ, որի ընդունումից հետո հայտնի չէ, թե ինչ կարող է կատարվել Ղարաբաղի բնակչության եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգեվիճակի հետ, երբ պարզ լինի, որ անվտանգության իրական դիրքերի փոխարեն իրենց մատուցվել են ինչ որ թղթեր, որոնք պատռելու համար ըստ էության բավական է աշխարհաքաղաքական մի թեթեւ քամին անգամ: Այսինքն, հազարավոր մարդկանց կյանքի գնով ձեռք բերված երաշխիքները հայկական կողմը պատրաստվում է զիջել ընդամենը թանաքով ամրագրված երաշխիքների դիմաց, եւ ընդդիմությունն ու իշխանությունը վիճարկում են, թե ով է լինելու հայկական զիջման իրական “կնքահայրը” կամ գաղափարախոսը:
Միգուցե Կազանում ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվելու: Եվ միգուցե բոլորն էլ արդեն գիտեն, որ դա այդպես է: Սակայն խնդիրը տվյալ դեպքում ամենեւին էլ դա չէ, այլ այն, որ իբր Հայաստանում Սահմանադրական կարգի համար երկխոսող երկու ուժերը`իշխանությունն ու ընդդիմությունը, ովքեր համենայն դեպս հայտարարում են, որ դրա համար են երկխոսում, փորձում են ոչ թե Հայաստանի հասարակությանը արագ արդյունքով համոզել, որ երկխոսությունն իրապես դրա շուրջ է , այլ միջազգային հանրությանն են փորձում համոզել, թե իրենցից ով է ավելի անկեղծորեն պատրաստ փաստաթղթեր ստորագրել Ղարաբաղի հարցում:
Մինչդեռ թվում էր, թե երկխոսությունը, եթե այն իրական, իսկապես առողջ քաղաքական գործընթաց է, որ վարում են երկու լուրջ քաղաքական սուբյեկտներ, պետք է հակառակ էֆեկտն ունենար Ղարաբաղի հարցում եւ Հայաստանը պետք է հայտարարեր, որ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որը դույզն ինչ հակասում է Հայաստանի եւ Ղարաբաղի շահին, եւ որ Հայաստանի համար ներկայում ազգային կոնսենսուսի առարկան ոչ թե Ղարաբաղի կարգավորումն է, այլ Հայաստանում արագ դեմոկրատական բարեփոխումների իրականացումը: Համենայն դեպս, պետք է որ ավելի տրամաբանական լիներ հանուն Ղարաբաղի հարցում հայկական կողմի դիրքերի ուժեղացման երկխոսությունը, ոչ թե թույլ դիրքերի իրավաբանական հաստատման:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment