Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերի խոսքով, Պենտագոնը չի կարող անտեսել այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար կարեւորագույն հիմնախնդիր է եւ էական դժվարություններ է առաջացնում այդ երկրների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններում:
«Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի մոտեցումն այս պարագայում հետեւյալն է` կենտրոնանալ հատկապես այն ոլորտների ուղղությամբ, որոնցում մենք կարող ենք կառուցողական ու օգտակար օժանդակություն ցուցաբերել երկու երկրներին: Այնպիսի օժանդակություն, ինչն այդ երկրներին հնարավորություն կտա մեծացնել իրենց ներդրումը միջազգային անվտանգության ամրապնդման գործում», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Սելեսթ Վոլանդերը:
Խոսելով Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների մասին` Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակն իսկապես շատ բարձր է եւ շարունակում է աճել:
«Սկսած այն պահից, երբ ես պատասխանատվություն ստանձնեցի պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցում, մենք ընդլայնեցինք համատեղ իրականացվող մի շարք միջոցառումներ` կենտրոնանալով առավել ռազմավարական ու երկարաժամկետ ծրագրերի վրա: Մենք ավելացրել ենք այն վարժանքների ու ծրագրերի թիվը, որոնց Հայաստանը մասնակցում է: Հայաստանն իր հերթին ընդլայնել է միջազգային գործողություններում իր ներգրավվածությունը, այդ թվում` բոլորովին վերջերս Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի կազմում իր ներկայությունը», – նշել է ամերիկացի պաշտոնյան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment