Thursday, June 30, 2011

Ահմադինեժադը պահանջում է դադարեցնել իր զինակիցների ձերբակալությունները

Tert.am. 29-6-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել կառավարության աշխատակիցների ձերբակալությունները։
«Նախարարների կաբինետն առաջավոր դիրքերում է, և եթե դրան «դիպչեն», ապա իմ պարտքը կլինի պաշտպանել նրանց»,– ասել է Ահմադինեժադը։
Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ Ահմադինեժադը հանդես է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախագահի վարչակազմի ղեկավար Ռահիմ Մաշաեիի մի շարք աջակիցները կալանավորվել են։
Մասնավորապես, անցած հինգշաբթի ձերբակալվել էր Իրանի փոխարտգործնախարար Մուհամմեդ Շարիֆ Մալիքզադեն, որը ձերբակալությունից առաջ ստիպված էր եղել նաև հրաժարական տալ, «քանի որ նրա նշանկմանը դեմ էին խորհրդարանի պահպանողական հայացքներ ունեցող պատգամավորները»։
Հաղորդվում էր, որ եթե Մելիքզադեն չհեռանար, ապա իմպիչմենթ կսպառնար հենց արտգործնախարարին։ Մալիքզադեն հայտնի է որպես Ահմադինեժադի զինակից և Մաշաեիի մերձավոր։
Այնուհետև կալանավորվեցին Մաշաեիի ևս երկու զինակիցները, որոնք ևս կառավարության անդամներ էին։ Իրանի նախագահի աջակիցների ձերբակալությունները, ընդհանուր առմամբ, սկսվել էին դրանից շատ ավելի վաղ՝ մայիսի սկզբին, որոշ տվյալներով, արդեն 25 մարդ է ձերբակալվել։ Ահմադինեժադի կողմանկիցների դեմ այդ «քարոզարշավը», վերլուծաբանների կարծիքով, կապված է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենիի և Ահմադինեժադի միջև առկա ինչ–ինչ տարաձայնությունների հետ, վերջիններս, սակայն, բազմիցս հերքել են այդ խոսակցությունները՝ նշելով, որ իրենց հարաբերությունները «հոր և որդու հարաբերություններ են»։

No comments: