Tuesday, June 21, 2011

ՀԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԳԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎՈՒՄ

«ԱԶԳ», 21-06-2011- Թուրքիայի ազգային մեծ ժողովի հունիսի 12-ի ընտրությունների արձագանքները դեռեւս շարունակվում են ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այդ ընթացքում աստիճանաբար իրենց մանդատն են ստանում նորընտիր պատգամավորները: Թեեւ ընտրություններում որեւէ թուրքահայ թեկնածու պատգամավոր չառաջադրվեց, ուստի ընտրվել չէր կարող, սակայն «Ջիհան» լրատվական գործակալության վկայությամբ, պատգամավոր է ընտրվել հայկական հարցի երկու մասնագետ:
Առաջինը Անկարայի համալսարանի լեզվի, պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի դասախոս, պրոֆ. Սեյիթ Սերթչելիքն է, առաջադրված վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից: Մյուսը «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության անդամ, Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն է:
Հալաչօղլուն հայտնի է մեր հասարակությանը: Ինչ վերաբերում է Սերթչելիքին, ապա նա, «Ջիհանի» իրազեկմամբ, իր դոկտորականը պատրաստել է Ռուսաստանումՙ օգտվելով Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի արխիվներից եւ հայերենին տիրապետող միակ թուրք պատմաբանն է: Նրա «Հայկական հարցի ծագումըՙ ըստ ռուսական եւ հայկական աղբյուրների 1678-1914» վերնագրով աշխատությունը 2009-ին թուրքերեն եւ անգլերեն հրատարակել է Թուրքիայի ազգային մեծ ժողովը: «Ջիհանը» նշում է, որ հայկական հարցի մասին Սերթչելիքն ունի 1914-18 թթ. ընդգրկող նոր աշխատություն, որի հրատարակումը նախընտրական քարոզարշավի պատճառով ժամանակավորապես հետաձգվել է:

No comments: