Tuesday, June 21, 2011

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ «ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ» ՈՒ ԲՈՅԿՈՏՎԱԾ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

«ԱԶԳ», 21-06-2011- Թուրքիայում հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո էլ իշխանության ղեկին մնացած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության տարբեր մակարդակի ներկայացուցիչներ համակարծության պակաս ունեն: Այն ժամանակ, երբ թուրքական «Hurriyet Daily News»-ը, վկա բերելով դիվանագիտական սեփական աղբյուրներին, ներկայացնում է, թե Թուրքիան առանձնակի մեծ հույսեր չի կապում Կազանում հունիսի 24-ին տեղի ունենալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման հետ, Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացնող, ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն Կազանի հանդիպման արդյունքներից է «կախել» հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը:
Խորհրդարանական վեհաժողովի երեկվա մեկնարկին տված ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետն առաջ է քաշել մի քանի պայման, որոնց բավարարման դեպքում միայն հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն թուրքական խորհրդարանում: Իսկ այդ պայմանները հենց առնչվում են Կազանում ղարաբաղյան թեմայով կայանալիք հանդիպմանը, քանի որ ըստ էության Ադրբեջանին բավարարելու համար առաջ քաշված պահանջներ ենՙ ազատելու «գոնե մի երկու շրջան»` հարակից Լեռնային Ղարաբաղին:
«Ա1+»-ի` Ստրասբուրգում գտնվող թղթակցի հարցին, թե կազանյան հանդիպումից առաջ որքանով էր նպատակահարմար ԼՂՀ խնդրով զբաղվող ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեության վերակենդանացումը, Չավուշօղլուն պատասխանել է, որ այդ ենթահանձնաժողովի գործունեությունը միտված չէ բանակցային գործընթացին խոչընդոտելուն, նաեւ պայմանավորված չէ իր գործոնով. «Ենթահանձնաժողովի գործունեությունը ես չեմ նախաձեռնել, դա ԵԽ-ի նախաձեռնությունն է, նախագահ Ռասել Ջոնսթոնի ժամանակվանից»:
Մինչդեռ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հրաժարվում է մասնակցել ԼՂՀ խնդրով զբաղվող ենթահանձնաժողովի գործունեությանը:
Հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ իմաստ չունի մասնակցելու եւ լսելու բազմիցս լսված անհիմն մեղադրանքներ եւ ուղղակի պրոպագանդա: «Դա մենք բավարար լսում ենք այստեղ նիստի ժամանակ»:
Նախորդ առաջարկությամբ Դավիթ Հարությունյանը կոչ է արել սկսել ձեռնարկել քայլեր փոխադարձ վստահության ձեւավորման ուղղությամբ` առնվազն երկու պատվիրակությունների միջեւ որպես առաջին նվազագույն քայլ: «Նպատակն այն էր, որ սկսվեն քննարկումները երկու պատվիրակությունների միջեւՙ ոչ ավելի, քան մեկ միջնորդի մասնակցությամբ, որը չի կարող լինել ասամբլեայի ղեկավարը, կամ այս ժամանակավոր հանձնաժողովի նախագահը», մանրամասնել է Դավիթ Հարությունյանը: Ավելին, մեր պատվիրակությունը առաջարկել է վեհաժողովի նիստերի ժամանակ փոխադարձ մեղադրանքների մորատորիում հայտարարել, առաջարկն արվել է շատ վաղուց, իսկ նախորդ անգամ հենց վեհաժողովի նիստի ժամանակ Դավիթ Հարությունյանը հրապարակային հնչեցրեց առաջարկը: Իսկ այսօր նա նշեց, որ այդ առաջարկը մնացել է անարձագանք:
«Եվ ես որպես առաջին քայլ հայտարարում եմ միակողմանի մորատորիում, եւ կոչ եմ անում, որ Ադրբեջանի պատվիրակությունը միանա այդ մորատորիումին», ԵԽԽՎ նիստի ժամանակ երեկ հայտարարել է Դավիթ Հարությունյանը: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը միանգամից մերժել է առաջարկը:

No comments: