Tuesday, June 21, 2011

«Today’s Zaman». Լեռնային Ղարաբաղ. առաջընթացի հույսով

News.am. 21-6-2011- NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Ամանդա Փոլի հոդվածը` հրապարակված թուրքական «Today`s Zaman» պարբերականում:
Հարավային Կովկասի անվտանգության հետ կապված անկանխատեսելի իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում Եվրոպայում: Թեեւ իրավիճակը Վրաստանում հեռու է կատարյալից, սակայն այնտեղ գոնե զսպվում է այն: Իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ամենավտանգավոր ու լուրջ խոչընդոտն է:
Հրադադարի հաստատումից ի վեր, ավելի քան 15 տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը այդպես էլ չկարողացան խաղաղությանը գոնե մեկ քայլ մոտենալու համար համաձայնության հասնելու եւ որեւէ փաստաթուղթ ստորագրելու քաղաքական կամք գտնել: Թեեւ եղել են պահեր, երբ համաձայնագիրը թվում էր իրական, սակայն օրվա վերջում բանակցությունները ձախողվում էին: Միեւնույն ժամանակ, շփման գծում մարդիկ են զոհվում, այդ թվում քաղաքացիական անձինք, նույնիսկ անմեղ երեխաներ. դիպուկահարի գնդակն էլ է երբեմն շեղվում:
Ադրբեջանը շարունակում է հողերը վերադարձնելու նպատակով պատերազմ սկսելու մասին հայտարարությունները: Հայաստանը պատասխանում է, թե պատրաստ է պատերազմի: Ատելության քարոզչությունը շարունակվում է, իսկ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը սահմանափակ են եւ քիչ ազդեցություն են թողել միմյանց ինքնությունը սահմանելու հայերի եւ ադրբեջանցիների մոտեցումների վրա. իրար նման եւ շատ ընդհանուր բաներ ունեցող երկու ժողովուրդների տխուր պատմություն է:
Ժամանակի հետ անցնում է նաեւ ելք գտնելու հնարավորությունը, իսկ պատերազմի վերսկսումը դառնում է ավելի հավանական: Պատերազմը կործանարար հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: Հսկայական ռազմական ծախսերն ու հրադադարի ռեժիմի խախտումները փաստում են, որ խաղաղ կարգավորման ժամանակը սպառվում է: Համատեղ կյանքի հիշողությունները խամրում են, անդունդը դառնում է անհաղթահարելի: Բանակցություններում թարմ դինամիկա մտցնելու եւ ատելության քարոզչությանը հակադրվելու անհետաձգելի անհրաժեշտություն կա: Անհրաժեշտ է փոխադարձ վստահության խորացման քայլեր գտնել, համատեղ նախագծերում ներգրավել երիտասարդներին:
Հակամարտությունը լուսաբանողների հայացքներն այժմ ուղղված են հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը: Կա որոշակի լավատեսություն, որ կարող է առաջընթաց գրանցվել, հատկապես, արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի վերջին հանդիպման ֆոնին: Լրատվամիջոցներն այդ հանդիպումը որակեցին որպես «զգալի առաջընթաց»: Եղավ հայտարարություն, թե «կողմերին հաջողվել է ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների մի շարք հարցերի վերաբերյալ մերձեցնել դիրքորոշումներ». Սակայն այդպիսի հայտարարություն առաջին անգամ չէ արվում: Չնշվեց նաեւ, թե ինչ հարցերով է եղել առաջընթացը:
Ես կարծում եմ, որ համաձայնագրի կնքումը նախկինի պես անիրագործելի է: Վերջնական լուծման համար կողմերից ոչ մեկը չի դրսեւորում քաղաքական կամք: Բացի այդ, նրանք հասարակություներին չեն նախապատրաստում փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի համար: Երկու առաջնորդներն էլ խոսում են մաքսիմալիստական նպատակների մասին: Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի մաս, իսկ Հայաստանը ճիշտ հակառակն է հայտարարում:

No comments: