Wednesday, June 29, 2011

ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՎ

Դրանով տառապում են նաեւ Թուրքիայից ԱՄՆ տեղափոխված վարձու ոչ թուրք գրչակները

«ԱԶԳ», 29-06-2011 - «Ազգի» նախորդ համարում անդրադարձել էինք «Թուրք վրիժառուների բրիգադին»ՙ ցույց տալու համար թուրքական իրականության մեջ արմատակալած հայատյացությունն, ու ազգայնական լինելով հանդերձ, դրսից ուղղորդվող այս կառույցի թուրքահայությանը ներկայացված սպառնալից վերջնագիրը:
Հայատյացության շրջանակները, ինչպես երեւում է, չեն սահմանափակվում թուրքական իրականությամբ, ոչ էլ թուրք ազգայնամոլ կառույցներով, որքան էլ վերջիններս դրսից ղեկավարվեն: Հայատյացներ կան նաեւ դրսում, մանավանդ ԱՄՆ-ում, ընդ որումՙ ոչ թուրք: Խոսքը Օյա Բաինի մասին է: Օյա անունը հուշում է, որ նա կին է, իսկ Բաին ազգանունըՙ սաբաթայականության, այսինքնՙ առերեւույթ իսլամ ընդունած հրեական ծագման մասին:
Ըստ երեւույթին այս խանումը Թուրքիայից տեղափոխվել է ԱՄՆ, քաղաքացիություն է ստացել, սակայն հայատյացությունից չի հրաժարվել: Օյա Բաինը թուրք չէ, բայց յուրացրել է թուրքական ազգայնամոլության բոլոր արատները: Կին է, բայց կանացի քնքշության փոխարեն ունի վարձու գրչակի հատկանիշներ: Ըստ երեւույթին սրան բարձր են վարձատրում:
Համենայն դեպս Նյու Յորքի Turkishny.com կայքէջում հունիսի 27-ին հրապարակված Բաինի հոդվածը ամբողջացնում է ինչպես թուրքերի, այնպես էլ թուրքական ծառայությանն անցնելու պատճառով հայատյացությամբ տառապող եւ սիրահոժար հակահայ գործունեություն ծավալող ոչ թուրքերի մասին մեր պատկերացումները: Կրճատումներով ներկայացնում ենք Բաինի հոդվածը.
«Մինչ մոտենում են ամառային արձակուրդները, ԱՄՆ Կոնգրեսի հայկական եւ հունական ծագում ունեցող ներկայացուցիչներն ու մեզ քաջ հայտնի հակաթուրք կոնգրեսականները Թուրքիայի դեմ ուղղված 4 անփառունակ օրինագծի անցկացման ջանքեր են գործադրում: Հայկական թիվ 304 օրինագիծը բաղկացած է 30 կետերից: Ունի 69 աջակցող, թիվ 306-ը առնչվում է Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիներին ու քրիստոնյաներին, որի աջակիցների թիվը 32 է, իսկ թիվ 180-ըՙ հույն ուղղափառ պատրիարքին է վերաբերում: Դրա նպատակը Ստամբուլի հունական պատրիարքարանը տիեզերական դարձնելու միջոցով այս աթոռին Թուրքիայում գործող օրենքներից վեր գործունեություն ապահովելն է: Աջակցողներից 63-ը դեմոկրատական են, իսկ 17-ըՙ հանրապետական: Դեմոկրատները իզուր տանուլ չեն տվել 2010-ի ընտրություններում: Ամերիկյան ժողովուրդը զզվել է նման զազրակություններից: Այսինքնՙ օրինագծերը ամոթանքի աղբյուր են եւ միանգամայն անտեղի: Ըստ երեւույթին Կոնգրեսում ոմանց որոշ օրգանները մեծ են ուղեղից... Ո՞ւր են գնում մեր վճարած հարկերը: Ինչո՞ւ են մեր փողերը վատնում այս կարգի տխմարությունների համար:
Եկեք մտածենք, թե ինչու հունական եւ հայկական սփյուռքը հենց այս ամիսներին է ակտիվանում: Հուլիսը Թուրքիայի համար նշանավորվում է պատմական երկու կարեւոր իրադարձություններով: 1974-ի հուլիսի 20-ին Կիպրոսում Թուրքիան վերջ տվեց հույների ահաբեկչությանն ու բռնություններին: 1923-ի հուլիսի 24-ին ստորգրված Լոզանի պայմանագրով Թուրքիան ի չիք դարձրեց Եվրոպայի ընչաքաղց, իսկ Ամերիկայի (Վիլսոնի) նեղմիտ ծրագրերը:
Թուրքական այս հաղթանակները դեռեւս Եվրոպայում ու Ամերիկայում չեն մարսվել: Վերջին երկու տարիներին հուլիսի 20-ին մի խումբ թշվառ հույներ սկսել են հայտնվել մեր դեսպանատան առջեւ:
Մյուս պատճառն էլ Կոնգրեսի ուշադրությունը Եվրոպայի «հիվանդ մարդը» հանդիսացող Հունաստանից եւ Կովկասի սնանկացած պետությանՙ Հայաստանից շեղելն է:
Մոտենում է 2015-ը: Հայերն անընդհատ կորուստներ են կրում: Լավ վիճակում չեն նաեւ հույները: Ֆինանսական ասպարեզում հույների շփացածությունը սկսել է ազդել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի գրպանների պարունակության վրա: Հիմա արդեն հույների նկատմամբ սերը վերածվել է հունական ալերգիայի:
Եթե դուք հայացք գցեք թիվ 304 օրինագծին, ապա պարունակած կեղծիքներից, զրպարտանքներից եւ ստերից կմնաք շփոթված: Տարեց տարի աճում է մահացածների թիվը եւ դա (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը), չգիտես ինչու, ներառում է նաեւ հանրապետական շրջանը:
Իրավիճակին ուշիուշով հետեւում է Ամերիկայի թուրքական կազմակերպությունների համագումարը: Ի՞նչ պետք է անել:
1. Պետք է մտնել կայքէջ, որտեղ կա պատրաստի նամակ, մնում է դա ուղարկել ձեր նահանգից Ներկայացուցիչների պալատում ընտրված կոնգրեսականներին եւ երկու սենատորներին: Դա ընդամենը 1 րոպե է տեւում:
2. Կայքէջ մտնել եւ հնարավոր միջոցներով մեծ կամ փոքր չափի օգնություն տրամադրել:
3. Ոչինչ չանել եւ հաշտվել վիրավորանքների, զրպարտանքների ու ստերի հետ:
Բարի արձակուրդ...»
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: