Tuesday, June 21, 2011

ԵԽԽՎ–ում ֆրանսիացի խորհրդարանականը Վանը Քրդստան է անվանել. Չավուշօղլուն նեղվել է

Tert.am. 21-6-2011- Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը։
Ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, նստաշրջանում ելույթով հանդես է եկել Թուրքիայի հարցերով զեկուցող, ԵԽԽՎ–ում սոցիալիստների խմբակցության անդամ Ժոզեթ Դուրիոն։
Ելույթի ընթացքում ֆրանսիացի խորհրդարանականն անդրադարձել է Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Ժոզեթ Դուրիոն ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը նոր Սահմանադրության ստեղծման հարցում ստիպված է լինելու շփման եզրեր գտնել խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերի հետ։
Անդրադառնալով քրդերի՝ Թուրքիայի քաղաքական կյանքի վրա ունեցած ազդեցությանը՝ ֆրանսիացի խորհրդարանականն ասել է. «Անհրաժեշտ է ուշիուշով հետևել, թե ինչ ուղղություն են որդեգրելու քրդերն ընտրություններից հետո… Ես ընտրությունների օրը Վան էի գնացել, որովհետև այնտեղ Քրդստանն է։ Ընտրական տեղամասերում շրջում էին ոստիկաններն ու զինվորները»։
Լսելով «Քրդստան» բառը՝ ԵԽԽՎ–ի թուրք նախագահն ասել է. «Թուրքիայում կա տարածաշրջան, որտեղ ապրում են քրդեր, սակայն Քրդստան չկա։ Եկեք չգործածենք պետությունների ինքնիշխանությունը վնասող արտահայտություններ»։

No comments: