Tuesday, June 21, 2011

Հստակեցվում են ուժի երեք կենտրոնները

Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
-Պարոն Նավասարդյան, վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ, մասնավորապես Սերժ Սարգսյանի`հունիսի 17-ին երկխոսությանն առնչվող ելույթը, ՀԱԿ-ի պատասխանն այդ ելույթին, ըստ որի`Սերժ Սարգսյանի ձևակերպումներում բազմիմաստություն կա, կարծիքներ են հնչում, որ Սերժ Սարգսյանն այս ճանապարհով երկխոսության դուռն այդպես էլ կիսաբաց թողեց։ Բացի այդ, կարծիք է հնչում, որ իշխանությունները թուլացրին ՀԱԿ-ին ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Արթուր Բաղդասարյանին և մյուս ընդդիմադիրներին: Համաձա՞յն եք:
-Ակնհայտ է, որ հասարակական-քաղաքական ներկայիս իրավիճակում ընդդիմության և իշխանության միջև ցանկացած երկխոսություն որոշ չափով վարկաբեկում է ընդդիմությանը`ելնելով այն հանգամանքից, որ մեզանում իրավիճակի նկատմամբ բավական ծայրահեղ մոտեցումներ կան և հասարակության, և քաղաքական էլիտայի մեջ: Պարզ է, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը երկխոսության ճանապարհին փորձում են իրար թուլացնել: Ընդդիմադիրները երկխոսության ընթացքում ձգտում են այնպիսի պահանջներ ներկայացնել, որոնց կատարումն ուժեղացնում է իրենց և, համապատասխանաբար, թուլացնում իշխանություններին, քանի որ մեզանում ձևավորված չէ քաղաքական ուժերի կառուցողական համագործակցության այն ավանդույթը, որը կարող էր երկխոսության ընթացքում երկուսին էլ ուժեղացնել: Ցանկացած զիջում, նույնիսկ փոխզիջում ընկալվում է հասարակության կողմից որպես թուլության նշան, այլ ոչ թե կառուցողական համագործակցության արդյունք: Ակնհայտ է, որ վերադառնալով Ազատության հրապարակ, հասնելով քաղբանտարկյալների ազատ արձակմանը`ընդդիմությունը որոշակի առումով ուժեղացել և իշխանություններին նույնչափ թուլացրել է:

Սակայն պետք է նաև հաշվի առնել հետևյալը. քաղբանտարկյալներին ազատ արձակելով, Ազատության հրապարակում հանրահավաքներ արտոնելով՝ իշխանությունը մի որոշակի, փոքրիկ նվաճում է ձեռք բերում միջազգային կառույցների առաջ, ինչը Հայաստանի պարագայում կարևոր է, քանի որ դրանով է պայմանավորված Հայաստանին ցուցաբերվող միջազգային ֆինանսական աջակցությունը: Բայց, իհարկե, եթե համեմատելու լինենք կորուստներն ու ձեռքբերումները և դիտարկելու լինենք այդ երկխոսությունը զուտ ընդդիմություն –իշխանություն հարաբերությունների տեսանկյունից, ապա մնում եմ այն համոզման, որ այս փուլում երկխոսությունը որակապես թուլացրել է իշխանությանը, իսկ ընդդիմությունը շահել է, սակայն չեմ բացառում, որ հետագա զարգացումները կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը:

-Կարելի՞ է ասել, որ արտահերթ ընտրությունները վերջնականապես կթուլացնեն իշխանություններին, և որ դրա համար էլ Սերժ Սարգսյանը հարցին այս կերպ մոտեցավ:
-Բնականաբար, արտահերթ ընտրությունները ոչ թե փոխխզիջում, այլ իշխանության կողմից միանշանակ զիջում կլինեին ընդդիմությանը, քանի որ արտահերթ ընտրությունների դեպքում ընդդիմությունը շատ ավելի մեծ շանսեր կունենա, քան հերթական ընտրություններում, անգամ եթե արտահերթի ու հերթականի միջև ժամկետային տարբերությունը լինի ընդամենը երկու օր: Ինքնին այն փաստը, որ ընդդիմությունը հասել է արտահերթ ընտրությունների անցկացմանը, լրացուցիչ ուժ և ռեսուրս է տալու նրան: Հասարակության մեջ նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր թերահավատորեն են վերաբերվում իշխանափոխության հետ կապված խոսակցություններին, արտահերթ ընտրությունների դեպքում տրամադրություններն անմիջապես կփոխվեն, քաղաքական առումով նրանք ավելի ակտիվ կդառնան, ինչը, բնականաբար, ընդդիմությանը էապես կօգնի առավել հաջող հանդես գալ ընտրական պայքարում:

-Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի ելույթն անակնկա՞լ էր ՀԱԿ-ի համար:
-Պետք է որ անակնկալ չլիներ, քանի որ, ինչպես նշեցինք, արտահերթ ընտրությունները լրացուցիչ առավելություններ են տալիս ընդդիմությանը, ուստի իշխանության համար լուրջ պարտություն կլիներ, եթե համաձայնվեր դրանց անցկացմանը, կամ այդ հարցի շուրջ բանակցություններին:
Եթե արտահերթի հարցը դուրս է գալիս, հնարավո՞ր է արդյոք ընդդիմությունն այսքանից հետո էլի զիջումների գնա, և երկխոսություն լինի այլ խնդիրների շուրջ:
Այո, հնարավոր է, եթե ընդդիմությունն այսօր առաջնահերթ նպատակ չի համարում վերցնել իշխանությունը, այլ նպատակ է դնում որոշակի, փոքրիշատե նկատելի տեղ ունենալ քաղաքական համակարգում, օրինակ` ստանալ որոշ քանակությամբ տեղեր խորհրդարանում: Շատ են խոսում այն մասին, որ այս երկխոսությունը նման է շուկայական սակարկությունների, այսինքն՝ տվյալ պարագայում ով ինչքան ձայն կկարողանա ստանալ ու ինչքան տեղ կզբաղեցնի խորհրդարանում: Եթե ՀԱԿ-ն իրոք համարում է, որ սա իր համար ընդունելի ընթացք է, այսինքն՝ որպես ընդդիմադիր ուժ ունենալ որոշակի տեղեր խորհրդարանում և իշխանափոխությունը չդարձնել գերնպատակ գոնե այս փուլում ու հետաձգել այդ նպատակին հասնելը մինչև նախագահական ընտրություններ, ապա այո, նրանք կարող են բացատրել հասարակությանն իրենց այդօրինակ փոխզիջումային մոտեցումները և վարվելակերպը նրանով, որ ցանկանում են պահպանել երկրի կայունությունը այսօրվա լուրջ մարտահրավերների պայմաններում:

-Հիասթափություն չի՞ լինի արդյոք:
-Միշտ էլ կա նման վտանգը: Բնականաբար, ՀԱԿ-ը կորցնելու է իր մի շարք համակիրների, ովքեր ավելի արմատական են տրամադրված, ավելի մեծ սպասումներ, ակնկալիքներ ունեն հենց խորհրդարանական ընտրություներից։ Անգամ չի բացառվում, որ ՀԱԿ-ը բաժանվի երկու թևերի, կամ լինեն այդօրինակ զարգացումներ:
Ներկայում իշխանություն-ՀԱԿ հարաբերությունները հասել են այն նշաձողին (թեև, ինչ խոսք, հավանաբար կարելի է այսպես շարունակել ևս մի քանի ամիս), երբ ՀԱԿ-ը պետք է կողմնորոշվի` ինքը գնում է իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանական ազդեցիկ ուժ դառնալու ճանապարհով:

-Ըստ Ձեզ` արդյո՞ք ՀԱԿ-ը չպետք է վերցներ իշխանությունը, որպեսզի հասներ լուրջ արդյունքների, արդյո՞ք այս իշխանությունների հետ կոռուպցիայի դեմ պայքարի, կամ տնտեսական և այլ ոլոտներում երկխոսության գնալով կարելի է հաջողություններ արձանագրել:
-Նայած ինչ ձևով: Ես` որպես ՀԿ ներկայացուցիչ, տարբեր հարցերով իշխանությունների հետ շփվելու որոշակի փորձ ունեմ: Ու միշտ էլ ձգտել եմ հրապարակային-հանրային լուծումների, քանի որ համոզված եմ՝ բանակցությունների դաշտ մտնելն ու առկա խնդիրներին անդրկուլիսյան լուծումներ նախընտրելը իշխանությունների հետ, հղի է խաբված լինելու հեռանկարով, պարզ ասած՝ դրանով ոչնչի չես հասնի։ Այսինքն` կարելի է մասնակցել կոռուպցիայի դեմ, հանուն ժողովրդավարության արմատավորման համատեղ պայքարի և այլն, բայց դրա համար առաջին հերթին դու պետք է հստակ օրակարգ և նպատակներ ունենաս` ինչի ես ուզում հասնել և ինչպես, բացի դրանից` բանակցային սեղանի շուրջ քննարկումներն ամրապնդես իշխանությունների վրա ներգործելու լուրջ հանրային լծակներով:

-Կարծես հստակ ասվում էր`արտահերթ ընտրությունները կնպաստեն լեգիտիմ իշխանության հաստատմանը երկրում:
-Սա շատ վերացական թեմա է: Երկուսը կարող են պայմանավորվել ու բաժանել իշխանական ռեսուրսը իրար մեջ ի հաշիվ ուրիշների` դա համարելով լեգիտիմ ընտրություններ: Բայց ընտրությունները իրականում լեգիտիմ կլինեն այն ժամանակ, երբ դա ընդունվի բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության կողմից: Ինձ համար ավելի կարևոր է ընդդիմության և իշխանության ցանկացած տիպի համագործակցություն, երկխոսություն կամ բանակցություն, եթե դրանք լինեն շատ կոնկրետ հարցերի շուրջ`կոռուպիայի դեմ պայքար, ժողովրդավարական կոնկրետ բարեփոխումներ (այդ թվում նաև արդար ընտրությունների ապահովում): Շատ կարևոր է, որ այս հարցերի շուրջ ընդդիմությունն ունենա հստակ օրակարգ, պատրաստ լինի այդ օրակարգի շուրջ ունենալ քաղաքակիրթ բանակցություն, բայց ամեն դեպքում դա պետք է զուգակցվի լուրջ հասարակական ճնշումներով:

-Պարոն Նավասարդյան, խոսակցությունը դարձյալ ծավալվում է երկու ուժերի միջև, իսկ ո՞ւր մնացին մյուս ուժերը: Սա քաղաքականությա՞ն օրենքներն են:
-Համենայն դեպս՝ սրանք Հայաստանի քաղաքականության «օրենքներն» են: Վերջին զարգացումները փաստում են, որ գնալով հստակեցվում են քաղաքական ուժի երեք կենտրոնները`որպես լիդերներ ունենալով ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին: Թե ինչպիսի կոնֆիգուրացիա կարող է ունենալ այդ երեքի միջև համագործակցությունը, առայժմ պարզ չէ: Երևի թե ցանկացած կոնֆիգուրացիա կարող է լինել: Մի քիչ դժվար եմ պատկերացնում կամ գրեթե բացառում եմ Տեր-Պետրոսյան-Քոչարյան համագործակցությունը. դա քիչ հավանական է, մնացած բոլոր կոմբինացիաները, կարծում եմ, դեռ հնարավոր են: Սակայն էլի մեր քաղաքական ավանդույթներից ելնելով, մի փոքր մտավախություն ունեմ, որ սա իրար մեջ իշխանություն բաժանելու գործընթաց է լինելու, որը չի հանգեցնելու երկրի զարգացմանը, ժողովրդավարության հիմքերի ամրապնդմանը, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի արդյունավետությանը, որոնք էլ, ըստ իս, առաջնային խնդիրներ են: Որպեսզի սա տեղի չունենա, անհրաժեշտ է բացի այդ երեք կենտրոններից ունենալ նաև այլ քաղաքական կենտրոններ, և պարտադիր չէ, որ դրանք հավակնեն իշխանության, բայց ահա պարտավոր են ունենալ հստակ օրակարգ, հանրության հետ շփվելու արդյունավետ մեխանիզմներ, միջոցներ, նաև համապատասխան մշակույթ, փորձ և գիտելիք։ Առանց այդ լրացուցիչ խաղացողների`որևէ լավ բան ակնկալել հնարավոր չէ: Հիմնական վտանգը կայանում է նրանում, որ գոնե եղած քաղաքական ուժերը երեք «հսկաների» այս մենամարտում փաստորեն մարգինալացվում են կամ շարունակում են մարգինալացվել, ինչն էլ ավելի է սահմանափակում քաղաքացիների ընտրության հնարավորությունները: Հուսով եմ՝ մենք դեռ ունենք քաղաքական գործիչներ, ովքեր բավարար սկզբունքային ու բավարար հավակնոտ են այդ ընդհանուր խաղի մեջ չներգրավվելու համար:

-Ըստ էության՝ չե՞ն թողնում, ճնշո՞ւմ են, ձեռնտու չէ՞: Մեր քաղաքական դաշտում նոր դեմքեր այդպես էլ ի հայտ չեն գալիս:
-Բնականաբար, երեքի համար էլ դա ձեռնտու չէ, նրանք ձգտում են կամ կլանել այդ հնարավոր պոտենցիալ ուժերին, կամ վնասազերծել: Պատճառը հիմնականում այն է, որ 20 տարվա մեր ամբողջ քաղաքական գործընթացում (բացառությամբ Ղարաբաղի հարցի, որն, իրոք, կարևոր օրակարգային հարց էր և որը որոշակի կերպով իր լուծումը ստացավ) իշխանափոխությունից բացի որևէ այլ սկզբունքային հարց չի եղել քաղաքական պայքարի օրակարգում: Քաղաքական պայքարը եղել է զուտ իշխանության հասնելու համար: Միշտ ասում էին` դուք մեզ հավատացեք, մենք կգանք իշխանության և բոլոր հարցերը կլուծենք: Բայց մինչ իշխանության գալը որևէ մեկը հստակ աշխատող ծրագիր (թե ինչպես է լուծելու այդ հարցերը) չի ներկայացրել: Եվ դա է պատճառը, որ այդ ավանդույթը հնարավորություն չի տալիս քաղաքական դաշտում տեղ գտնելու այնպիսի ուժերի, որոնք հստակ լուծումներ կարող են առաջարկել: Քաղաքական դաշտ մտնող ցանկացած ուժից պետք է պահանջել հստակ ծրագիր, հստակ գործողությունների պլան, որոնք կարող են նպաստել բարեփոխումներին:

-Այնուամենայնիվ, հունիսի 30-ից հետո հնարավոր համարու՞մ եք ՀԱԿ-ի կողմից արդեն կոշտ քաղաքականության որդեգրումը:
-Կարծում եմ՝ այո: Դա հնարավոր է երկու պատճառով, նախ՝ ինձ թվում է, որ ՀԱԿ-ը պատրաստ չէ և չունի այն կառուցողական օրակարգը, որը կարող է դարձնել իշխանության (նախագահի առաջարկած ձևաչափով) հետ կոշտ և կոնկրետ բանակցելու առարկա: Ինչի՞ մասին են խոսելու Սերժ Սարգսյանի առաջարկած նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, ի՞նչ են քննարկելու: Երկրորդ` նշված օրակարգը չունենալով` ՀԱԿ-ը չի կարողանում ներքին համաձայնության գալ այդօրինակ քաղաքական գործընթացի վերաբերյալ: Ուրեմն, մնում է այլնտրանքային տարբերակը` գնալ ավելի արմատական քայլերի…
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

No comments: