Monday, June 20, 2011

Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը թող մտածեն

«Լրագիր» 20-6-2011- Օրերս մի ծանոթի պատահեցի, ով քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիստ չէ, աշխատում է սպասարկման եւ ծառայությունների ոլորտում` շարքային աշխատող է, քաղաքականությամբ էլ հետաքրքրվում է այդ դիրքերից: “Հակոբ ջան, երեւի շուտով երանի ենք տալու Քոչարյանին”, ինձ համար անսպասելի ասաց նա:
Անսպասելի էր, որովհետեւ 2008 թվականին այդ ծանոթս ոգեւորված էր երկրում տեղի ունեցող քաղաքացիական շարժմամբ, ոգեւորված էր իշխանափոխության հեռանկարով, մեղմ ասած զայրացած էր այդ ամենը ուժով կանխելու քոչարյանական գործողությունների վրա, իսկ արտակարգ դրության վերացումից հետո էլ անձնական ոգեւորություն էր ապրում քաղաքացիական պայքարի նոր ալիքի հնարավորության հեռանկարից:
“Գոնե Քոչարյանի ժամանակ շարժ կար, մարդկանց ձեռքը փող եկավ: Մարդիկ կարողացան մի քիչ աշխատել, քիչ թե շատ ինչ որ բանի հասնել: Հիմա գնում են, բոլորը գնում են, ում լսում ես` գնում ա Հայաստանից”, շարունակում էր ծանոթս:
Չգիտեի ինչ պատասխանել: Այդպիսի դեպքերում կարելի է իհարկե պատասխանել, այնպես, ինչպես հիմա անում են թե իշխանությունը, թե ընդդիմությունը, որ Քոչարյանի ժամանակ այդ տնտեսության աճը փուչիկ էր, որ չէր կարող տնտեսություն զարգանալ կամ կայանալ միայն կապիտալ շինարարությամբ կամ արտասահմանյան տրանսֆերտների վրա հիմնված գնողունակությամբ, որ հենց այդ սխալ կառուցվածքը, ինքնանպատակ վիճակագրությունը հասցրին ներկայիս վիճակին, որ ի վերջո Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կլանա-օլիգարխիկ տնտեսությունը պետք է վաղ թե ուշ հանգեցներ որեւէ ճգնաժամի, ինչին ընդամենը նպաստեց համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, եւ այլն, եւ այլն:
Ու ինձ, որ բավական ակտիվ հետեւում եմ տնտեսա-քաղաքական գործընթացներին, որ զրուցում եմ տարբեր մասնագետների հետ, որ ինքս քիչ թե շատ պատկերացնում եմ տնտեսությունը կենցաղային ընկալումներից մի քիչ ավելի բարձր մակարդակով, միանգամայն հասկանալի է, որ այդ գնահատականներն իրապես արդարացի են, տեղին, որ Հայաստանի տնտեսական երկնիշ աճը ոչ այնքան իմաստուն տնտեսական քաղաքականության, այլ բարենպաստ տնտես-քաղաքական միջազգային կոնյունկտուրայի արդյունք էր, ինչում Ռոբերտ Քոչարյանի վաստակն այն է, որ նա պարզապես կարողացավ կողմնորոշվել ու նպաստել, որ այդ կոնյունկտուրայի պարագայում ինչ որ փողեր հոսեն Հայաստան ու տնտեսական էֆեկտ առաջացնեն:
Բայց այդ ամենն այսօր էական նշանակություն չունեն, ու դրա վառ վկայությունը հենց ծանոթիս հետ կարճատեւ զրույցն է: Մարդը քաղաքական եւ տնտեսական գործընթացները, կառավարումը գնահատում է իր ապրած կյանքով: Հասարակության մեծ մասին չի էլ հետաքրքրում տնտեսական քաղաքականության կառուցվածքային ու բովանդակայաին խորքը: Մարդը տեսնում է, որ Քոչարյանի ժամանակ սկսել էր ավելի լավ ապրել, իսկ ներկայում ապրում է ավելի վատ, եւ նույնիսկ` մի կերպ:
Քաղաքական ուժի խնդիրը մարդու համար կյանքի նպաստավոր պայմաններ ստեղծելն է, եւ ով ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ քաղաքական ուժը ավելի լավ, բարեկեցիկ է դարձնում մարդու կյանքը, այդ ուժն էլ վայելում է հասարակության համակրանքը, կամ այդ սկզբունքով էլ մարդն ընտրում է չարյաց փոքրագույնը: Այդպես է, այլ կերպ չի լինում, այլ կերպը քաղաքական լոլոներ են, որ կարող են տարբեր գործիչներ կարդալ:
Կա փաստ` մարդը 2008 թվականին պայքարում էր, թեկուզ ոչ անմիջական ակտիվությամբ, բայց պայքարում էր Քոչարյանի դեմ, ոգեւորված էր իշխանափոխության հեռանկարով, իսկ այժմ ասում է, թե “երեւի Քոչարյանին երանի ենք տալու”:
Դա թե իշխանության` Սերժ Սարգսյանի, թե ընդդիմության` Լեւոն Տեր-Պետրոսյանի խոշոր ձախողման մասին է վկայում: Այդ մարդն այլեւս չի հարցնում, թե երբ է իշխանափոխություն լինելու: Նա ընդամենը կարծիք է հայտնում արդեն, որ “երանի ենք տալու Քոչարյանին”:
Թող Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը մտածեն այդ մասին: Ու թող չմտածեն, թե ժողովուրդը միայն ստամոքսով է դատում, թե Քոչարյանը հրեշ էր, ու այս “անմիտ” ժողովուրդը մի կտոր հացի, կուշտը փորի համար կարող է “երանի տալ” այդ “հրեշին”:
Նախ, աշխարհի բոլոր երկրներում էլ հասարակությունը դատում է հենց այդ չափանիշով` ինչքանով է ինքը պաշտպանված սոցիալապես, իրավապես, որքանով են ապահովված իր քաղաքացիական ազատությունները, եւ ինչ ժամանակային հեռանկարով է այդ իրավիճակը կանխատեսելի:
Սոցիալական պաաշտպաանվածության առումով իրավիճակի դեգրադացիան առավել քան ակնհայտ է: Իրավական եւ ազատությունների առումով պաշտպանվածության հարցում Քոչարյանի ժամանակի հանդեպ չկա ոչ մի էական տարբերություն: Ավելին, եթե իրավունքի եւ ազատությունների մասով տարբերություն լիներ, ապա կզգացվեր նաեւ դրա սոցիալական էֆեկտը, քանի որ ներկայում Հայաստանի տնտեսական զարգացման համար կա թերեւս միայն մեկ հուսալի ճանապարհ` ազատականացնել տնտեսությունն իրապես, ապահովել սեփականության իրավական պաշտպանության լիարժեք մակարդակ` անկախ դատական համակարգ, եւ մարդկանց համար ապահովել ստեղծագործական ազատության միջավայր` խոսելու, կարծիք հայտնելու, կարծիք լսելու, գործելու:

Եվ թող ներկայիս իշխանությունն ու ընդդիմությունն ամենեւին չհամարեն, որ այդ թեման շոշափողները զբաղված են Քոչարյանի գովազդով: Անշուշտ կան դրանով քողարկված կամ բացահայտ զբաղվողներ: Ներկայում, օրինակ, համացանցում իրար հետեւից կայքեր են հայտնվում, որոնք Ռոբերտ Քոչարյանի քարոզչությամբ են զբաղված: Բայց, դրանք թերեւս ընդամենը իրավիճակի հետեւանք են, որովհետեւ իրականում Հայաստանում ներկայիս իրավիճակն ինքնին վերածվում է Քոչարյանի քարոզի, ընդ որում թե ներքին, թե արտաքին քաղաքականության առումով: Ու իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է մտածեն այդ մասին, ոչ թե համարեն, թե այդ մասին խոսողներին քոչարյանական համարելով հարցը կարելի է համարել լուծված:

Ի վերջո, կան բաներ, որոնց մասին կարելի է չխոսել, բայց որոնք չի կարելի մոռանալ ու հաշվի չառնել: Երբ 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանում էր, կարդում էր իր հրաժարականը, հասարակության մի հսկայական հատված, եթե ոչ մեծամասնությունը, գոհ էր եւ ուրախ: Ռոբերտ Քոչարյանն արեց այնպես, որ տասը տարի անց Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ վերադառնալ գրեթե տրիումֆով:

Հավանաբար, Սերժ Սարգսյանը, արդեն գուցե նաեւ Տեր-Պետրոսյանի հետ անպտուղ երկխոսության համատեղ ջանքով, շատ ավելի արագ կանեն այնպես, որ Քոչարյանը ստանա “տրիումֆալ” վերադարձի ներկայում անհնար թվացող հնարավորություն: Շատերի համոզմամբ, Քոչարյանի դեպքում կա մարտի 1-ի խնդիրը: Ու այդ խնդիրն իսկապես կա` նա իշխանությունից հեռացել է մարդկային զոհերով: Ինքն է հրաման տվել, թե ուրիշները, թե եղել է անվերահսկելի իրավիճակ` կարեւոր չէ: Հանրային ընկալման մեջ մարդիկ սպանվել են նրա ղեկավարությամբ իրականացված հատուկ օպերացիայի ընթացքում: Բայց, տարիներն անցնում են, իսկ Քոչարյանի պատասխանատվությունն իրավաբանական հաստատում չի ստանում: Մինչդեռ պատասխանատվությունը պահանջում է հենց այդպիսի հաստատում, այլապես միայն հանրային ընկալումներն անվերջ շահարկելը չի կարող երկար տեւել:

Ու պետք չէ այդ ժամանակ հասարակությանը մեղադրել հիշողություն չունենալու, ստամոքսով մտածելու կամ այլ բաների համար, ասել, թե այս հասարակությունը Քոչարյանից ավելիին արժանի չէ: Հասարակություններին որեւէ բանի արժանի են դարձնում քաղաքական էլիտաները: Հասարակություններն ապրում են ըստ էլիտաների ձեւավորած արժանիքների: Էլիտաներն են պատասխանատվություն կրում հանրային ու պետական կյանքի վեկտորի համար, ու թող որեւէ մի իշխանական կամ ընդդիմադիր էլիտա չփորձի իր վրայից ցած դնել այդ պատասխանատվությունը, հասարակության անարժանության մասին վերագրումներով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: