Monday, June 20, 2011

Ի՞նչ պետք է անի Իրանի ԱԳ նախարար Սալեհին, որ պաշտոնանկ չարվի

Panorama.am. 20-6-2011- «Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել. Եթե պաշտոնանկ անի ֆինանսական հարցերով փոխնախարար Մալեքզադեին, ապա կհանդիպի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դիմադրությանը, իսկ եթե չգնա այդ քայլին, ապա առաջին արտաքին գործերի նախարարը կլինի, ով մեջլիսի անվստահության քվեով պաշտոնանկ կարվի»:
Այդ մասին նշված է իրանական «ասրիրան.քոմ» կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
«Ալի Աքբար Սալեհին չպետք է թույլ տա, որ արտաքին գործերի նախարարությունը դրսից կառավարեն: Եթե նա Մալեքզադեին պաշտոնանկ անի, պարզ չէ, Ահմադինեժադը կսպասի, որ Սալեհին գնա Սենեգալ, նոր պաշտոնանկ անի վերջինիս, կամ էլ նրան հենց Թեհրանում պաշտոնանկ կանի (նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին պաշտոնանկ արվեց Սենեգալ կատարած այցի ժամանակ)»,- նշված է հոդվածում:

Հիշեցնենք, որ առավոտյան Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է. «Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին միայն այսօր ժամանակ ունի պաշտոնանկ անելու ֆինանսական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեին, եթե ոչ մեջլիսը վաղը կսկսի ԱԳ նախարարին անվստահություն հայտնելու գործընթացը»:

Նշենք, որ օրերս ֆինանսական հարցերով ԱԳ փոխնախարար նշանակված Մոհամմադ Շարիֆ Մալեքզադեին ըստ իրանցի պատգմավորների` մեղադրվում է ֆինանսական չարաշահումներ կատարելու մեջ:

No comments: