Monday, June 20, 2011

Դիարբեքիրի քաղաքապետին «Տիգրան Մեծ» ոսկե մեդալ է հանձնվել

News.am.20-6-2011- Պոլսո Հայոց փոխպատրիարք, արք Արամ Աթեշյանը Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին «Տիգրան Մեծ» ոսկե մեդալ է հանձնել:
Firat գործակալության փոխանցմամբ` Պոլսո Հայոց փոխպատրիարքի գլխավորությամբ Դիարբեքիր ժամանած մոտ 30 հայեր դեռեւս վերանորոգման մեջ գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ են անցկացրել: Տարբեր երկրներից ժամանած հայերի մեջ է եղել նաեւ դիարբեքիրցի հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանը, ում անունով արդեն փողոց կա Դիարբեքիրում:
Դիարբեքիր ժամանած հայ հյուրերն այցելել են քաղաքապետ Օսման Բայդեմիրին: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար Բայդեմիրին է հանձնվել «Տիգրան Մեծ» ոսկե մեդալը:
Շքանշանը մեծ ուրախությամբ ընդունած Օսման Բայդեմիրը նշել է, «Ես շատ զգացված եմ, որ այսօր այսպիսի պահ եմ ապրում եւ ցանկանում եմ կիսվել իմ զգացմունքներով: Հավատում եմ, որ այս քաղաքը ձերն է, ասորիներին է, մահմեդականներին է եւ քրդերին է: Ցավոք, նախկինում այստեղ ապրած իմ հայ եւ ասորի եղբայրները մեծ ողբերգություն են ապրել: Մենք` այսօրվա սերունդը, այդ օրերի անխղճության հետ առերեսվում ենք եւ դատապարտում դրանք մեր խղճում»,-ասել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:

Խոսքի վերջում Օսման Բայդեմիրը արք. Աթեշյանին է նվիրել Սուրբ Կիրակոս եկեղեցու պատկերով ապակե հուշանվեր:

Հայ հյուրերն ավելի ուշ այցելել են Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին եւ նրան նույնպես հանձնել «Տիգրան Մեծ» շքանշան` Սուրում հայկական մշակույթի պահպանման եւ վերականգնման համար:

Աբդուլլահ Դեմիրբաշը քաղաքի մուտքերի տեղադրված ցուցանակներում նաեւ հայերենով է գրել տվել «Բարի գալուստ»-ը, իսկ ամիսներ առաջ նա Դիարբեքիրում հայերեն եւ թուրքերեն տարբերակներով տպագրեց Հովհաննես Թումանյանի «Մի կաթլ մեղր» հեքիաթը:

Նշենք, որ Դիարբեքիրի քաղաքապետը մոտ մեկ ամիս առաջ հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե անհրաժեշտ է Դիարբեքիրում եւս Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցել եւ պնդել, որ Թուրքիայի նախագահը պետ է ծաղիկներ դնի Ծիծեռնակաբերդում:

No comments: