Wednesday, June 29, 2011

Գուցե Սերժ Սարգսյանն էր Չավուշօղլուի հետ պայմանավորվել, որ իմ հարցը հնչեր. Փոստանջյան

Tert.am. 29-6-2011- ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այն արձագանքներին, որոնք եղել են ԵԽԽՎ-ում իր կողմից Սերժ Սարգսյանին հարց ուղղելուց հետո: Նա ցավ հայտնեց այն բանի կապակցությամբ, որ կարծիքներ են հնչել, թե նախագահին ուղղված իր հարցը պայմանավորվածության արդյունք էր: «Դուք շատ լավ գիտեք, որ իմ եղբայրս բանտում էր հայտնված, դուք շատ լավ գիտեք, թե ինչ հետապնդումներ են եղել իմ նկատմամբ, ու գիտեք՝ ինչպիսի խնդրանքներ են եղել, որ իմ հարցը հանվի.....»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ով է խնդրել իրեն հանել հարցը:
Փոստանջյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու, օրինակ, նախագահին հարց չտվեց պատվիրակության ընդդիմադիր անդամ Արմեն Ռուստամյանը: «Ի՞նչ է, իմ հարց ուղղելուց Հայաստանը դարձավ ժողովրդավա՞ր»,- ասաց նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ միգուցե Սերժ Սարգսյանն էր Չավուշօղլուի հետ պայմանավորվել, որ իր հարցը հնչեր:
Նա չհամաձայնեց այն կարծիքին, թե Ստրասբուրգում իր արածն անբարոյականություն է: «Անբարոյականությունը հենց այն է, որ մենք փորձում ենք փակել, կոծկել կեղծիքները, որի հետևանքով երկրում հաստատվել է ավտորիտար ռեժիմ»,- հայտարարեց Փոստանջյանը:
Ըստ պատգամավորի՝ իր կողմից հարցի հնչեցումը օտար ուժերին դիմելու քայլ չէր: Փոստանջյանի պարզաբանմամբ՝ Հայաստանը ԵԽԽՎ-ի լիարժեք անդամն է, ուստի «մեր իրավունքն է այդ կառույցից պաշտպանություն ակնկալելը»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Զարուհի Փոստանջյանն ասել թր, որ Հայաստանում ավտորիտար ռեժիմ է և նախագահին առաջարկել էր հեռանալ: Սերժ Սարգսյանն ի պատասխան նշել էր, թե ինքը հարգում է պատգամավորի կարծիքը, բայց համամիտ չէ նրա հետ:

No comments: