Monday, June 20, 2011

Կոնգրեսն իշխանության զենքով

«Լրագիր» 20-6-2011- Ամենայն հավանականությամբ, ընդդիմությունը Սերժ Սարգսյանին կպատասխանի հունիսի 30-ի հանրահավաքում: Հայ ազգային կոնգրեսն արդեն հայտարարել է, որ պատասխան կլինի միայն Սերժ Սարգսյանի խոսքը կառույցներում քննարկելուց հետո:
Թերեւս քչերն են կասկածում, որ վճռորոշը ոչ թե կառույցների քննարկումներն են լինելու, այլ այն, թե ինչ կմտածի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Թերեւս քչերն են կասկածում նաեւ, որ Տեր-Պետրոսյանը կմտածի, որ երկխոսությունը պետք է շարունակել: Բանն այն է, որ զուտ ֆորմալ առումով Սերժ Սարգսյանը տվել է դրա հնարավորությունը:
Այնպես որ, հունիսի 30-ին ամենայն հավանականությամբ կհայտարարվի երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին: Չի բացառվում, որ Կոնգրեսն ասենք իր մի պատվիրակությունը բաժանի երեք մասի` մեկը Հովիկ Աբրահամյանի, մյուսը Տիգրան Սարգսյանի, իսկ երրորդն էլ Կարեն Կարապետյանի հետ խոսելու համար:
Հնարավոր է, որ Կոնգրեսը ձեւավորի ենթապատվիրակություններ` լինի գլխավոր պատվիրակությունը, այն 5 անձը, որ արդեն իսկ ձեւավորվել է, եւ դրանից բացի էլ ձեւավորվեն ասենք պատվիրակության հանձնախմբեր Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի գծով: Ի վերջո կասկած չկա, որ Կոնգրեսում կարող են լինել Հովիկ Աբրահամյանի մասնագետներ, Տիգրան Սարգսյանի մասնագետներ եւ Կարեն Կարապետյանի մասնագետներ:
Բայց, Կոնգրեսն օրինակ ճիշտ կանի, եթե ձեւավորի հոգեբաններից կազմված պատվիրակություններ: Իշխանությունն իր հոգեբաններին է նետում հասարակության եւ ընդդիմության դեմ պայքարի, թող ընդդիմությունն էլ իշխանության դեմ հանի իր հոգեբաններին:
Ասենք, թող գնան հոգեբանները, նստեն Աբրահամյանի, Սարգսյանի ու Կարապետյանի առաջ, ու խոսեն:
Ի վերջո, դրանով երկու հարց կարող է լուծվել: Նախ, պարզ է, որ իշխանության մոտ խնդիրը հոգեբանական է: Եթե հաջողվի ազդել իշխանության հոգեբանության վրա, ապա հնարավոր կլինի վերացնել նաեւ վախը իշխանափոխությունից: Իշխանությանը պետք է նախ հոգեբանորեն պատրաստել իշխանափոխության, նոր հետո նստել հետը բանակցությունների: Հոգեբանական աշխատանքից հետո իշխանությունը գուցե բանակցության էլ չգնա, այլ միանգամից հրաժարական տա:
Բացի այդ, կազմելով հոգեբանների պատվիրակություններ, Կոնգրեսը նաեւ կխուսափի իշխանությանը կամա թե ակամա լեգիտիմացնելուց:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: