Թուրքիայի վարչապետ Էրդողանի արտաքին քաղաքականության առաջատար խորհրդական Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Թուրքիան ձեւավորում է արաբական գարուն: Քալինը վստահ է, որ անցյալում Թուրքիան` աջակցելով «Համասի», «Հեզբոլահի», «Մուսուլման եղբայրների» նման ուժերին, ճիշտ է վարվել: Այդ աջակցությունն այժմ փոխհատուցվում է:
Ընդամենը կես տարի առաջ Էրդողանը ստացավ մարդու իրավունքների ոլորտում Քադաֆիի անվան մրցանակը: Կես տարի առաջ Էրդողանը մտադիր էր Սիրիայի, Հորդանանի եւ Լիբանանի հետ կյանքի կոչել Մերձավորարեւելյան ածխի եւ պողպատի միությունը: Կես տարի առաջ Էրդողանն ու նրա «թանկագին ընկեր ու եղբայր» Բաշար Ալ Ասադը ժպտում էին իրար` վերացնելով երկու եղբայրական երկրների միջեւ վիզային ռեժիմի սահմանափակումները:
Այսօր թուրք-սիրիական սահմանը հիշեցնում է 1998 թվականը, երբ Թուրքիան Սիրիային սպառնում էր պատերազմով:
Սիրիական տանկերը պարեկում են սահմանամերձ շրջաններում, իսկ թուրքական բանակի հրամանատարը ստուգում է իր զորքերի մարտունակությունը` անցանկալի բախմանը պատրաստ լինելու համար:
Վիզային ռեժիմը չի վերականգնվել, սակայն սիրիացի չինովնիկներն ամեն կերպ բարդացնում են թուրքական առեւտրային բեռնատարների եւ նույնիսկ տաքսիների մուտքն ու ելքը: Մեղրամիսն ավարտված է:
Պաշտոնական իրանական թերթը Թուրքիայի մեղադրեց Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելու մեջ: Դրանից մեկ շաբաթ անց սիրիացի պաշտոնյաներն առաջին անգամ հայտարարեցին, որ արդեն կես տարի Անկարան օգնում է ապստամբությանը:
Էրդողանը հավանաբար պատրաստվում է ընդհանրապես հրաժարվել Ասադից եւ նոր ընկեր ու եղբայր գտնել Եգիպտոսում, որի հետ Թուրքիան շուտով կհրավիրի ռազմավարական խորհրդի նիստ: Էրդողանը հույս ունի, որ «Մուսուլման եղբայրները» լավ կդրսեւորվեն տարեվերջին Եգիպտոսում կայանալիք ընտրություններում: Կահիրեն Անկարայի համար կարող է դառնալ նոր Դամասկոս, մինչեւ Դամասկոսը չդառնա նոր Կահիրե:
Թեհրանում էլ Թուրքիայի մյուս եղբայր ու ընկեր Մահմուդ Ահմադինեժադը պետք է ուշադիր լինի վերջին թուրքական զիգզագներին, որոնց պետք է որ արդեն պատրաստ լինի: Զիգզագը միշտ եղել է թուրքական արտաքին քաղաքականության կարեւորագույն գործիքը: Այդ արտաքին քաղաքականության հիմքում հաշվենկատությունն է եւ երրորդ աշխարհի երկրների հետ համերաշխության, նեոօսմանիզմի եւ իսլամիզմի դրսեւորումները:
Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտում կայացած համաժողովում Քալինը հայտարարեց, որ թուրքերի մինչեւ 70 տոկոսը կողմ է Էրդողանի արտաքին քաղականությանը (62 տոկոս`Pew Research-ի տվյալներով): Թուրքերը ուրախ են «ձեւավորել արաբական գարուն»:
Իրականում, Թուրքիան ոչ թե ձեւավորում է, այլ փորձում է իր զիգզագը հարմարեցնել արաբական գարնան հետ: Իսկ արաբների մեծ մասն արդեն մտածում է, որ օսմանները վերադարձել են: Թուրքերը հավատարիմ են իրենց դիվանագիտության համար սովորական դավաճանությանը, Արեւմուտքի եւ Արեւլքի շահերի միջեւ խուսանավելուն` նույնիսկ չիմանալով, թե որոնք են թուրքական շահերը: Մերձավոր Արեւելքում Թուրքիան խաղում է «քավարանի հավերժ դերը»: Հին ու նոր ընկերներն էլ շատ արագ դառնում են նոր թշնամիներ եւ հակառակը:
Լավագույն դեպքում Էրդողանը Ասադի հեռանալուց հետո կգտնի նոր ընկեր ու եղբայր Դամասկոսում: Բայց այդ նոր ընկերն ու եղբայրը միշտ կհիշի, որ մի օր այդ նոր օսմանները կարող են դավաճանել նաեւ իրեն: Հարցրեք իրանցիներին: Նրանք կասեն ձեզ, թե ով է Էրդողանը. ընկեր կամ տրոյական նժույգ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment