Tuesday, June 21, 2011

«L’Orient-Le Jour». Լիբանանի հայերի վերաբերմունքը Էրդողանի հաղթանակի եւ Թուրքիայի քաղաքականության նկատմամբ

News.am. 21-6-2011- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Դանիել Արամունի Գերգեսի հոդվածը, որը հրապարակվել է լիբանանյան «L`Orient-Le Jour» պարբերականում:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություներում Արդարություն եւ զարգացում կուսակցության հաղթանակից հետո վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց. «Իմ հաղթանակը` Դամասկոսի, Բեյրութի, Գազայի եւ Երուսաղեմի հաղթանակն է»: Հետաքրքիր է իմանալ Լիբանանի հայերի արձագանքն այդ հայտարարությանը: Իսկ արձագանքներն անսպասելի էին: Ոմանք դատապարտում են Մերձավոր Արեւելքում Անկարայի գերիշխող դիրքը եւ դրանում տեսնում են Օսմանյան կայսրության դարաշրջանում գործած վայրագությունները: Մյուսներն ընդգծում են, որ Հայոց ցեղասպանության մասին մոռանալ չի կարելի, սական պետք չէ նաեւ մոռանալ, որ այժմ հայերն առաջին հերթին Լիանանի քաղաքացիներ են, եւ այդ պատճառով Լիբանանի շահերը գերակա են:
Մեր հարցման մասնակիցներից շատերը ժպիտով նշեցին, որ Սիրիայի նկատմամբ Էրդողանի խիստ վերաբերմունքը թույլ է տալիս մոռանալ ցեղասպանությունը եւ թերթել էջը: Ոմանք նույնիսկ պատրաստ են ներել, եթե Էրդողանն իր երկրի անունից ճանաչի մեղքը: Լիբանանահայերն անցանկալի չեն համարում նաեւ Իրանին հակակշիռ դառնալու Թուրքիայի հաջողությունները: Նրանք Անկարայի դերում տեսնում են արդար զարգացումների տրամաբանությունը, երբ «արաբական երկրները հրաժարական են տալիս»:
Բեյրութը ներկայացնող հնչակյան պատգամավոր Սեպուհ Կալպակյանը հայտարարեց, որ այդուամենայնիվ Թուրքիայի նկատմամբ անվստահություն զգացվում է:
«Մենք պետք է չվստահենք այդ երկրին: Ընտրություններում հաղթած իշխող կուսակցությունը ցանկանում է տարածաշրջանի բոլոր խաղաքարտերն իր ձեռքում պահել: Օգտվելով տարածաշրջանում առկա բացառիկ հանգամանքներից` Թուրքիան փորձում է վերականգնել իր գերիշխող դերը: Վերջնական նպատակը` փոխվող արաբական աշխարհում գործողությունների ազատություն եւ իշխանություն ստանալն է: Սունիների եւ շիաների պայքարում Անկարան ցանկանում է Մերձավոր Արեւելքում դառնալ սունիների ձայնը: Սակայն պետք չէ մոռանալ, որ բոլոր ժամանակներում Թուրքիայի քաղաքականության հիմքում եղել են հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ: Ոմանք պնդում են, որ Ազատության տորմիղի հետ կապված ամբողջ գործողությունը բեմականացում էր` արաբական աշխարհի վստահությունը շահելու նպատակով»:
«Ազատ հայեր» շարժման նախկին ղեկավար, այժմ գերագույն քարտուղարության անդամ, նախկին դեսպան Վաչե Նուրբատլյանն ավելի ճկուն է հայտարարություններում:
«Մենք Լիբանանի քաղաքացիներ ենք` հայկական ծագմամբ: Երկու երկրների հարաբերություններին գնահատական տալու իրավունք մենք չունենք: Անկարայի եւ Բեյրութի հարաբերությունները մեզ չեն վերաբերում: Մեն իրավունք չունենք հարաբերությունների զարգացմանը նայել մեր հայկական ծագման տեսանկյունից: Երկար տարիներ Թուրքիան Իսրայելի հետ ունեցած հատուկ հարաբերությունների պատճառով մեկուսացած էր: Այժմ Անկարան փորձում է վերականգնել իր տարածաշրջանային դերը: Այժմ այդ երկիրը զգալի կշիռ ունի Մերձավոր Արեւելքում: Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք ուզում, որ Թուրքիան կարգավորի տարաձայնությունները հայ համայնքի հետ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վերականգնի պատմական արդարությունը», – նշեց Վաչե Նուրբատլյանը:
Բեյրութից նախկին պատգամավոր Հակոբ Կասարջյանը, որը հարում է ռամկավարներին հայտարարեց.
«Որպես հայեր, մենք միշտ նույն հայացքն ունենք Թուրքիայի վերաբերյալ: Էրդողանը, որը խոսում է ժողովրդավարության մասին, երբեք չի համաձայնի ճանաչել հայկական հարցը: Եթե նա չի ցանկանում խոսել Ցեղասպանության մասին` նա կարող է գոնե ընդունել, որ եղել են մեր ժողովրդի զանգվածային սպանություններ: Սկզբի համար հասարակ բանավոր ճանաչումը կարող է բավարարել մեզ», – ասաց Կասարջյանը:
«Սակայն որպես լիբանանցիներ, մենք հետաքրքրությամբ ենք հետեւում Անկարայի կարեւոր դերին: Այժմ Թուրքիան հակակշիռ է Իրանին: Թուրքիան նոր ծագող ուժ է, որը սոցիալական եւ տնտեսական ոլորտներում հսկայական առաջընթաց է ունեցել եւ կարող է օրինակ ծառայել: Դա էական է նաեւ այն պատճառով, որ արաբական երկրներն իրենց բազմաթիվ հիմնախնդիրների հորձանուտում այլեւս կարեւոր ուժ չեն եւ հրաժարական են տվել», – նշեց Կասարջյանը:

No comments: