Friday, July 1, 2011

1998-ին ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելը Հայաստանի հերթական զիջումն էր Ադրբեջանին. Գառնիկ Իսագուլյան

News.am. 2011- Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում համաձայնության չհասնելու փաստը վկայում է այն մասին, որ հակամարտող կողմերն ու միջնորդ երկրները դեռեւս չի գտնել ԼՂ հարցի քաղաքական լուծումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 30-ին հայտարարեց Ազգային ժողովում Հայաստանի նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը` նշելով, որ անդրկովկասյան քաղաքականության համար ԼՂ խնդիրը դարձել է «լանդշաֆտ»: Ըստ նրա` անդրկովկասյան որեւէ խնդիր առանց ԼՂ գոյության դժվար թե լուծում ստանա:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով, սխալ է այն տեսակետը, թե Հայաստանի կողմից զիջումների դեպքում հարցը կլուծվի, քանի որ, ըստ նրա, Հայաստանը նախկինում՝ սկսած 90-ականներից, արել է զիջումներ՝ մտածելով, որ դրանով Ադրբեջանը կվերադառնա կոնստրուկտիվ դաշտ: Մինչդեռ Հայաստանի արած զիջումները հակամարտող մյուս կողմին դարձրել են ավելի ագրեսիվ ու ռազմատենչ:
Զիջումների թվում ասուլիսի հյուրը նշեց մինչեւ 1995 թվականը եւ 1998-ին կատարված զիջումները: «Գոյություն ունի 1989 թվականի դեպկեմբերի 1-ի որոշում, համաձայն որի Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ մարզային խորհուրդը միավորվելու որոշում կայացրեցին: Մի մոռացեք, որ 1990 թվականի մայիսի 28-ին ՀՀ ԳԽ պատգամավորներ ընտրվեցին ԼՂԻՄ-ի տարածքից 11 պատգամավոր:
Ըստ էության, խորհրդային միության գոյության պայմաններում ԼՂ տարածքում ձեւավորվեցին ընտրատեղամասեր եւ այնտեղից պատգամավորներ ընտրվեցին եւ ձեւավորված ՀԽՍ Գերագույն խորհուրդն աշխատեց մինչեւ 1995 թվականը: Սա մեծ զիջում էր»,-նշեց Իսագուլյանը:
Մյուս զիջումն, ըստ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցչի, այն է, որ 1998 թվականին Հայաստանը, Ադրբեջանի վախը չեզոքացնելու համար բանակցությունների ֆոևմատից դուրս թողեց ԼՂՀ-ին եւ Հայաստանը ներկայացրեց թե’ իրեն, թե’ ԼՂՀ-ն: «Սրանից հետո էլ Ադրբեջանի դիրքորոշումը չփոխվեց, եւ Ադրբեջանը Հայաստանին միջազգային հանրությանը ներկայացրեց որպես ագրեսոր, ԼՂ խնդիրը` որպես կոնֆլիկտ երկու կողմերի` Հայստանի եւ Ադրբեջանի միջեւ, մոռանալով, որ հիմնական հակամարտող կողմը ԼՂՀ-ն է»,-նշեց Իսագուլյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե Ադրբեջանը նպատակ ունի ձգձգել բանակցությունները, ստրատեգիական առումով Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար, ապա նրա ջանքերն իզուր են: Հայաստանն, ըստ նրա, հասել է այն սահմանին, որից այն կողմ այլեւս զիջումը հարցականի տակ կդնի ԼՂ անվտանգությունը: Իսկ Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ արձանագրվեց սահմանը, որից այն կողմ Հայաստանն այլեւս չի կարող գնալ զիջումների:

No comments: