Tuesday, July 26, 2011

Դինքին սպանած Սամասթն ազատազրկվեց մոտ 23 տարով

Tert.am. 25-7-2011- Այսօր Ստամբուլի անչափահասների գործերը քննող քրեական դատարանում տեղի է ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով հերթական և վերջին դատական նիստը։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ստամբուլի դատարանը 22 տարվա 10 ամսվա ազատազրկման է դատապարտել Սամասթին։
Դատարանը Սամասթին «ծրագրված սպանություն իրականացնելու» մեղադրանքով դատապարտել է 21 տարի 6 ամսվա, իսկ «անօրինական զենք պահելու» համար՝ 1 տարի 4 ամսվա ազատազրկման։ Դատարանը որոշել է նաև Օգյուն Սամասթի դատավճռից հանել այն տարիները, որոնք մարդասպանն անցկացրել է ազատազրկման մեջ:
Նշվում է, որ Սամասթը կկրի իր պատժաչափի 2/3-րդը և 10 տարի 8 ամիս հետո կլինի ազատության մեջ։
Ավելի վաղ Ստամբուլի դատախազ Ալի Դեմիրը պահանջել էր Օգյուն Սամասթին հանցագործությունն իրականացնելու պահին անչափահաս լինելու պատճառով «ծրագրված սպանություն իրականացնելու» և «անօրինական զենք պահելու» մեղադրանքներով դատապարտել 19-ից մինչև 27 տարվա ազատազրկման։
2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում Օգյուն Սամասթը փողոցում գնդակահարեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին։ Խմբագրապետի սպանության գործի դատավարությունն ընթանում էր արդեն չորս տարի։

No comments: