Tuesday, July 19, 2011

«Միջանկյալ կարգավիճակով կարող ենք դնել ԼՂ ճանաչման ռեալ հիմքը»

Aysor.am. 18-7-2011- «Ղարաբաղյան կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ համանախագահ երկրները և հատկապես Ռուսաստանը այս անգամ կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան հակամարտող կողմերին խուսափել պարտավորեցնող որևէ փաստաթուղթ ստորագրելուց»: Այս մասին Aysor-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Լևոն Երզնկյանը:
Նրա կարծիքով, երկար կարելի է քննարկել, թե որո՞նք են այս հարցում ԱՄՆ ու, հատկապես, ՌԴ նախագահների շտապողականության պատճառները և ի վերջո, ընդհանուր համաձայնության այդպես էլ չգալ: Բայց.
«Փաստը է ` Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վրա գործադրվում են տարատեսակ ու տարաբնույթ ճնշումներ՝ մինչև տարեվերջ պայմանագիր ստորագրելու նպատակով, և ամենաբարդ վիճակում հայտնվել է Իլհամ Ալիևը, ով ստիպված է իր ռազմատենչ հայտարարությունների «տակից դուրս գալ»»,- նշեց Լ. Երզնկյանը:
Նա անդրադարձավ պատերազմի հավանականության շահարկումներին ու մատնանշեց, որ ամենևին էլ պատահական չէ, որ Ադրբեջանից արդեն իսկ հնչում են մտքեր, թե խաղաքարտերի ներկայիս դասավորությունը պատերազմի հավանականությունն անհնար է դարձնում: Առավել ևս, որ ակտիվացել են խոսակցությունները Լեռնային Ղարաբաղին, այսպես կոչված, միջանկյալ կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ.

«Չնայած պաշտոնական Ստեփանակերտը հասցրել է քննադատել Բաքվի այդ առաջարկը, այնուամենայնիվ, միջանկյալ կարգավիճակի գաղափարն ուսումնասիրելիս` կարելի է գալ այն եզրակացության, որ դրանով, մեր դիվանագիտության ճիշտ աշխատանքի դեպքում, կարող ենք դնել ԼՂ միջազգային ճանաչման ռեալ հիմքը»,- հայտարարեց Լ.Երզնկյանն ու ավելացրեց:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը արդեն իսկ հայտարարել է, որ ԼՂ համար Մադրիդյան սկզբունքներով նախատեսված միջանկյալ կարգավիճակը չպետք է ավելի ցածր լինի, քան ԼՂՀ ներկայիս կարգավիճակն է: Իսկ դա նշանակում է, որ այդ դեպքում միջազգային հանրության և Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչվում է ԼՂՀ ինքնիշխանությունը, ինչն անկախության ճանաճում չէ, սակայն միանշանակ ԼՂՀ ներկայիս կարգավիճակից անհամեմատ ավելի բարձր է:
Միևնույն ժամանակ Լ. Երզնկյանը գտնում է, որ միջանկյալ կարգավիճակի գաղափարն ընդունելով` Հայաստանն ու Արցախը պետք է առաջ քաշեն մի քանի պարտադիր պայմաններ: Նախ, պետք է հստակ, իրավաբանորեն պարտավորեցնող ձևով սահմանել հանրաքվեի անցկացման ժամկետը: Բացի այդ, պետք է բացառվի ադրբեջանցիների վերադարձը բուն ԼՂ և Լաչինի միջանցքի տարածքներ, իսկ Ադրբեջանը պետք է պարտավորվի դադարեցնել իր կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչությունը.
«Իսկ ամենակարևոր կետը պետք է լինի այն, որ եթե Ադրբեջանի կողմից պայմանագրի որևէ կետի խախտում արձանագրվի, ապա միջազգային հանրության կողմից Արցախն անմիջապես ճանաչվում է անկախ պետություն»,- ընդգծեց նա:

«Ալիևին Ղարաբաղը պետք չէ, քանի որ արդեն հաշտվել է այն կորցնելու հետ, և նրա հիմնական նպատակը սեփական իշխանության պահպանումն ու ամրապնդումն է` ապագայում որդուն փոխանցելու միտումով: Իսկ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի ստորագրման դեպքում` Ալիևը հնարավորություն է ստանում ասել, որ դեռ ամեն ինչ առջևում է, Ադրբեջանը տնտեսապես ավելի կհզորանա և, ի վերջո, կխեղդի Հայաստանին: Տարիների ընթացքում հասարակ ադրբեջանցու համար խնդիրը կկորցնի իր կարևորությունն ու արդեն հնարավոր կլինի փաստաթղթով ճանաչել երկար տարիներ Ադրբեջանին չպատկանող ԼՂՀ անկախությունը, ինչն արդեն ընդվզում չի առաջացնի իր իշխանության դեմ. Համենայն դեպս, դա է Ալիևի հույսը»,- մեկնաբանեց Լ. Երզնկյանը:
Իսկ թե ի՞նչ են շահում Հայաստանն ու Արցախը, թերևս, միանշանակ է. «Մենք կունենանք փաստացի անկախ ԼՂՀ, որն իր հերթին կունենա միջազգայնորեն ճանաչված ու միջազգային հանրության կողմից պաշտպանվող կարգավիճակ: Արդյունքում Հայաստանն ու Արցախը կկարողանան զարգանալ, քանի որ կբացվեն բոլոր ճանապարհները և Ադրբեջանն ու Թուրքիան ստիպված կլինեն վերացնել բոլոր նախապայմաններն ու խոչընդոտները»,- եզրափակեց Լևոն Երզնկյանը:

No comments: