Saturday, July 30, 2011

Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում խաղաղության և կայունության գրավականն է. Մեդվեդև

Tert.am. 30-7-2011- Հայաստանում ռուսական ռազմաբազան կոչված է ապահովել խաղաղություն և կայունություն Կովկասյան տարածաշրջանում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է 1news.az–ը, նշվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մեկնաբանությունում, որը հրապարակվել է Ադրբեջանի անկախության 20–րդ տարեդարձի կապակցությամբ լույս տեսած The Business Year - The Business Year-Azerbaijan 2011 պարբերականի հատուկ համարում։
«Ռուսաստանի համար շատ կարևոր հարցերից է նաև Կովկասում կայունության ապահովումը։ Դա հիմնական հայեցակարգն է, որի վրա հիմնվելով ենք հարաբերություններ կառուցում մեր մոտ հարևան և բարեկամ Ադրբեջանի հետ, քանի որ մենք շահագրգռված ենք տարածաշրջանում խաղաղության ապահովմամբ։ Եվ հենց այդ ենթատեքստում պետք է դիտարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը, որի մասին որոշումն ընդունվեց իմ՝ Երևան կատարած այցելության ժամանակ։ Այդ ռազմաբազան կոչված է ապահովել խաղաղություն և կայունություն, ինչպես նաև նվազեցնել այն բարդությունները, որոնք մենք ունենք այսօր»,– ընդգծել է ՌԴ նախագահը։
Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և դրանում Մոսկվայի դերակատարությանը։
«Իմ մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումների հաճախականությունը հասել է պատմական մաքսիմումի։ Վերջերս խոսելով այդ թեմայի մասին՝ ես նշեցի, որ չեմ ամաչում մեր կողմից արված աշխատանքի համար։ Դրանք եղել են կարևոր քննարկումներ, որոնց ժամանակ կողմերն ընդգծել են գործընթացում առկա մի շարք բարդություններ։
Սակայն, ամեն դեպքում, այդ ջանքերը որոշակի արդյունք են տալիս և բանակցությունները շարունակվում են։ Իմ կարծիքով՝ այդ շփումների հաճախականությունը չպետք է նվազի։ Ռուսաստանը պատասխանատու է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իր պարտավորությունների համար»,– ասել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի բարոյական պարտքն է աջակցել կողմերի միջև խնդրի առնչությամբ ծավալված երկխոսության շարունակմանը։
«Անձամբ ես պատրաստ եմ աջակցել այդ շփումներին և քննակման դնել բանակցությունների օրակարգի առավել բարդ հարցեր։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կշարունակենք նման խորհրդակցությունները մեր և մեր արտգործնախարարների մասնակցությամբ։
Ռուսաստանը լրջորեն հավատարիմ է մնալու իր պարտավորություններին և համապատասխան քայլեր կիրականացնի աջակցելու անհրաժեշտ արդյունքին հասնելուն։ Եվ այդ արդյունքը կենսական նշանակություն ունի, քանի որ, անկասկած, կարող է ռուսական շահերի գոտի համարվող տարածաշրջան բերել երկարատև խաղաղություն և անվտանգություն»,– ասել է ՌԴ նախագահը։

No comments: