Saturday, July 30, 2011

Վրացի փորձագետ. Այս փուլում պատերազմը ձեռնտու չէ ոչ միայն Երեւանին եւ Բաքվին, այլեւ Ռուսաստանին

News.am. 30-7-2011- Այս փուլում պատերազմը ձեռնտու չէ ոչ միայն Երեւանին եւ Բաքվին, այլեւ Ռուսաստանին: Վրացական «Պիրվելի» գործակալությանը տված արցազրույցում հայտարարել է Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հարաբերությունների հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Ռոնդելին:
Նրա կարծիքով, Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողմից պատերազմ հայտարարելու վերաբերյալ այդ երկրի փոխվարչապետ Ալի Հասանովի հայտարարությունը նպատակ ունի արագացնել որոշակի ներքին եւ արտաքին գործընթացներ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Մինսկի խումբը լավ չի աշխատում եւ Ալի Հասանովի հայտարարությունը պատահական չէ, այն նպատակ ունի դիվանագիտական ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, որպեսզի նրանք ակտիվացնեն իրենց գործողությունները հակամարտության լուծման հարցում»,-նշել է փորձագետը, ում կարծիքով, Ռուսաստանն այս պահին պատրաստ չէ իրար դեմ հանել Երեւանին եւ Բաքվին:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա փորձագետի կարծիքով պատերազմը Վրաստանի համար բավականին վտանգավոր կլինի, քանի որ Ռուսաստանին եւս մեկ անգամ առիթ կընձեռնվի Վրաստանում պատերազմ հրահրելու:
Նշենք, որ թուրքական Hurriyet պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել էր, որ եթե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը նույն ընթացքն ունենա, ապա ադրբեջանական կողմը պատերազմ կհայտարարի:

No comments: