Saturday, July 30, 2011

Մեդվեդևը Ադրբեջանի հետ համագործակցության փայլուն հեռանկարներ է տեսնում

Tert.am. 30-7-2011- Էներգետիկան Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության կարևոր բնագավառներից է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է 1news.az–ը, նշվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մեկնաբանությունում, որը հրապարակվել է Ադրբեջանի անկախության 20–րդ տարեդարձի կապակցությամբ լույս տեսած The Business Year - The Business Year-Azerbaijan 2011 պարբերականի հատուկ համարում։
«Լիովին համամիտ եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն կարծիքի հետ, որ Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են երկու ռազմավարական գործընկերների ջերմ և բարեկամական հարաբերությունները։ Այդ հարաբերությունների բնույթն արտահայտվում է տարբեր բնագավառներում առկա համագործակցությամբ՝ տնտեսական, հումանիտար և անվտանգության ապահովման բնագավառում։ Այդ սերտ կապերը հատկապես արտահայտվեցին այն աջակցության ժամանակ, որը Ռուսաստանն ստացավ Ադրբեջանից վերջին բնական աղետների ժամանակ, երբ հրդեհները տարածվել էին Ռուսաստանի տարածքով մեկ։ Նայելով ապագային՝ տեսնում եմ համագործակցության փայլուն հեռանկարներ»,– նշել է Դմիտրի Մեդվեդևը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության կարևոր բնագավառներից է համարվում էներգետիկան։
«Ինչպես նախկինում նշել է Ադրբեջանի նախագահը, ինչպես նաև՝ ես, մեր երկրները համարվում են կարևոր դերակատարներ էներգետիկ բնագավառում։ Մենք ունենք շատ ընդհանուր շահեր, քանի որ արտադրում և արտահանում ենք էներգետիկ ռեսուրսներ։ Հետևաբար, այդ բնագավառում անհրաժեշտ է հասնել համաձայնության և ավելի սերտորեն համագործակցել»,– ասել է Մեդվեդևը։

No comments: