Thursday, July 28, 2011

Ինչու է ժամանել Կոմարովսկին

«Լրագիր» 28-7-2011- Քաղաքագետ Իգոր Մուրադյանին խնդրեցինք մեկնաբանել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ կոմարովսկու այցը Հարավային Կովկասի երկրներ, որքանով է այն հետապնդում աշխարհքաղաքական եւ աշխարհատնտեսական նպատակներ, ինչպես կարելի է դիտարկել Լեհաստանի քաղաքականությունը միջազգային գործընթացների ֆոնին, որոնք վերաբերում են տարածաշրջանին:

- Եվրոպայում տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ: Տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական ակնհայտ թուլացում: Ֆրանսիան փորձում է իրականացնել բազմավեկտոր քաղաքականություն, կառուցելով հարաբերություններ ԱՄՆ-ի հետ անդրատլանտյան հարաբերությունների շրջանակում, փաստորեն նորից ձեւավորելով պաշտպանական ու տնտեսական հարաբերություններ գերմանիայի հետ, ստեղծելով պաշտպանական նոր դաշինք Մեծ Բրիտանիայի հետ, այդպիսով ԱՄՆ-ին եւ Գերմանիային հիշեցնելով իր ավանդական շահերն ու նպատակները: Ֆրանսիան ու Գերմանիան, հանդես գալով տանդեմով, փորձում են իրենց շահերին “կապել” Ռուսաստանին, պահպանելով նրա հետ հեռավորություն: Հետաքրքրություն է ներկայացնում Եվրոպայի մտադրությունները Թուրքիայի վերաբերյալ, երբ տեղի է ունենում եվրոպացիների ու ամերիկացիների նպատակների ընդհանրության ձեւավորում Թուրքիայի էքսպանսիայի ու պահանջների զսպման քաղաքականության մասով, ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանի մասով:
Եվրոպական քաղաքականությանը ճնշում է տնտեսական ճգնաժամը, որի մեջ սուզվել է ԱՄՆ-ը: Ռուսաստանն իր ներկայիս տնտեսական ու ռազմական խոցելի վիճակում ստիպված է ընդառաջ գնալ եվրոպացիների ցանկացած առաջարկի, սակայն նման քաղաքականության դրական արդյունքները չեն զգացվում:
Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում տեղի է ունենում քաղաքական լճացում, ինչը կապված է Բալթյան-Սեւծովյան ավազանի երկրների` Եվրամիության ու ՆԱՏՕ-ի կազմում լինելու հետ: Բոլոր այս երկրները ցույց տվեցին իրենց անընդունակությունը վարելու քիչ ինչ ակտիվ արտաքին քաղաքականություն, եւ չեն էլ ձգտում դրան: Այնուամենայնիվ, նրանց տրվել է Եվրոպայում հավասարակշռողի եւ անվտանգության գոտու ստեղծման գործառույթ: Գործնականում, նրանք շահագրգռված են կատարել այդ գործառույթը, քանի որ Գերմանիայի ու Ռուսաստանի դիրքորոշումների չափազանց մերձեցումը սպառնում է նրանց անկախությանը եւ սահմանափակում նրանց արտաքին քաղաքական ազատության աստիճանը:

Նման պայմաններում, միայն Լեհաստանն է ձգտում կառուցել ակտիվ արտաքին ու տարածաշրջանային քաղաքականություն: Աշխարհքաղաքական խնդիրները, որ առաջ է քաշում Լեհաստանը, դա Ռուսաստանի զսպումն է: Հենց այս խնդրի կատարման մեջ է Լեհաստանը տեսնում իր եվրոպական եւ արտաքին քաղաքականության իրականացումը: Որքան էլ Ռուսաստանի հանդեպ Լեհաստանի քաղաքականության նպատակը հռչակվի դրական, առանց Ռուսաստանի զսպման խնդրի կատարման լեհական արտաքին քաղաքականությունը կդառնա անբովանդակ ու անհետաքրքիր, այդ թվում նշված տարածաշրջանների երկրների համար: Լեհաստանի հետ հույս են կապում տարածաշրջանի շատ երկրներ, քանի որ Վարշավան դարձել է Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ աշխարհքաղաքականության հիմնական պրովայդեր, եւ միայն Վարշավան է ի վիճակի Վաշինգտոնին հասցնել այն խնդիրները, որոնք ոչ միշտ են հստակ լսվում Վաշինգտոնում:

Միաժամանակ, Լեհաստանի նախագահի պաշտոնին Բրոնիսլավ Կոմարովսկու` եվրոպական մակարդակի պատասխանատու եւ չափավոր գործչի ընտրությունը, աշխարհքաղաքական այս խնդիրների մեջ այլ, առավել զուսխ քաղաքական ոճ է մտցրել: Կոմարովսկու անձի հետ հույսեր են կապում ոչ միայն Բալթյան-Սեւծովյան ավազանի երկրները, այլեւ նույնիսկ գործիչներ Մոսկվայում:

Հասկանալի է, որ Լեհաստանը չունի բավարար քաղաքական ու տնտեսական ռեսուրս աշխարհքաղաքական բեւեռի դեր կատարելու համար, սակայն կան հնարավորություններ հետեւողական քաղաքականություն վարելու, որը տվյալ երկրներին ինչ որ այլընտրանք է տալիս արտաքին քաղաքականության մեջ: Արեւելյան գործընկերության նախագիծը, որի նախաձեռնողներն էին Լեհաստանը եւ Շվեդիան, կոչված է առաջարկել ոչ միայն այլընտրանքային ձեւաչափ տվյալ երկրների` Եվրոպային ինտեգրվելու համար, այլեւ կրկին առաջ քաշելու Ռուսաստանին զսպելու աշխարհքաղաքական խնդիրը: Ֆրանսիան եւ Գերմանիան բավական ոչ բարեկամական վերաբերմունք ունեն այդ նախագծին, ոչ միայն տնտեսական նկատառումներից ելնելով, այլեւ հասկանալով նախագծի նպատակները, որպես Ռուսաստանի որոշ հակակշիռ, եւ արգելապատնեշ Մոսկվայի ու Բեռլինի համագործակցության ճանապարհին:
Լեհաստանի քաղաքական ղեկավարությունը չի կարող չհասկանալ, որ Լեհաստանի նախագահի այցը Հարավային Կովկաս այսպես թե այնպես վատ է ընդունվելու ոչ միայն Մոսկվայում, այլեւ Բեռլինում, եւ կոմարովսկու առջեւ բարդ խնդիր է կանգնած, հատկապես հաշվի առնելով Վրաստանի դիրորոշման հիստերիկությունը, եւ Ադրբեջանի ծիծաղելի վերամբարձությունը: Ըստ տեղեկությունների, Կոմարովսկու այցը Թբիլիսի եւ Բաքու ոչ մի էպատաժային պահ չունեցան, եթե հաշվի չառնենք Ալիեւի “գանգատը” եւ Թբիլիսիի ավանդական թատերականությունը: Հասկանալիէ, որ Լեհաստանին շատ են հետաքրքրում այդ երկու երկրները, որօես հակառուսական գոտու կարեւոր մասնակիցներ եւ նաեւ վառելիքի մատակարարներ:
Սայկայն, պետք է նշել, որ ի տարբերություն տխրահռչակ ԳՈՒԱՄ-ի, որը բացառում էր հայաստանի մասնակցությունը, Արեւելյան գործընկերությունը, եւ ընդհանրապես Լեհաստանի նախաձեռնությունները առաջարկում են Հայաստանի մասնակցություն: Այսինքն, իստիտուցիոնալ առումով, Հայաստանը դժվար թե ինչ որ բան պարտվի, եթե ակտիվ քաղաքականություն վարի այդ նախաձեռնությունների վերաբերյալ: Կան որոշակի աշխարհքաղաքական սպասելիքներ: Եթե հաշվի առնենք, որ ներկայում ոչ միայն ԱՄՆ, այլեւ եվրոպական առաջատար պետությունները ակտիվորեն իրականացնում են Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունների ու էքսպանսիայի զսպման քաղաքականություն, պետք է ենթադրել, որ ցանկացած աշխարհքաղաքական նախագիծ, հատկապես Սեւ ծովի վերաբերյալ, կապված է լինելու տվյալ նախագծի հետ:
Բաժանարար գծերը, որոնք նախահծվում են Բալթյան-Սեւծովյան եւ Սեւծովյան-Կովկասյան շրջաններում, այսպես թե այնպես կապված են ոչ միայն ռուսաստանի, այլեւ Թուրքիայի զսպման հետ: Ըստ այդմ, Հայաստանի դերը տվյալ նախագծի շրջանակներում, ժամանակի հետ կդառնա աշխարհքաղաքական: Ավելին, Հայաստանը կարող է դառնալ երկիր, որտեղ կարող են համընկնել Եվրոպայի ու Ռուսաստանի շահերը Թուրքիային զսպելու մասով, չնայած նրան, որ Ռուսաստանը փորձում է ցուցադրել իր սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ:
Լեհ գործիչները կարող են դիվանագիտական որքան ասես հայտարարություններ անել Եվրամիության մեջ Թուրքիայի մտնելու ցանկալիության մասին, սակայն ակնհայտ է, որ Լեհաստանը չի կարող հեռավորություն պահել եվրոպական պետությունների ճնշող մեծամասնությունից, եւ որեւէ հիմք չունի նպաստելու Անկարայի եվրոպական նախագծերի իրականացմանը:
Պետք չէ մոռանալ, որ միջին դարերում հայ ժողովրդի նշանակալի մասը ապրում էր Ռեչ Պոսպոլիտայում եւ ինտեգրվել էր լեհ հասարակությանը եւ քաղաքականությանը: Հնարավոր չէ հերքել, որ ներկայում տասնյակ, գուցե հարյուրավոր հազար լեհեր ունեն հայկական ծագում: Ինչպե՞ս կարելի է մի կողմ նետել այս գործոնը Հայաստանի ու Լեհաստանի հարաբերություններից:

No comments: