Tuesday, July 19, 2011

Հրաժարականի ժամանակը

«Լրագիր» 19-7-2011- Հայաստանը մի քանի օրից պատասխանելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այսպես ասած նոր առաջարկներին, որ Երեւան եւ Բաքու էր բերել ՌԴ արտգործնախարար Լավրովը: Ադրբեջանն արդեն պատասխանել է` Մամեդյարովը պատասխանը տարել էր Մոսկվա, իսկ Էդվարդ Նալբանդյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ օրերս էլ կպատասխանի Սերժ Սարգսյանը:
Ինչ է պատասխանելու Սերժ Սարգսյանը Մեդվեդեւին: Մի քանի ամիս առաջ մարքսիստ Դավիթ Հակոբյանը մի դրվագ հրապարակեց մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մի քանի կլոր սեղաններից մեկից, երբ Սերժ Սարգսյանը տարբեր թեմաներով երկխոսում էր մի քանի տասնյակ կուսակցությունների նախագահների հետ: “Արա, գիտես հեշտ ա՞ Ռուսաստանի նախագահի հետ խոսելը”, ըստ մարքսիստ Դավիթ Հակոբյանի, իր մի հարցադրմանն ի պատասխան ասել է Սերժ Սարգսյանն այդ հանդիպումներից մեկում:
Փաստորեն, Սերժ Սարգսյանին դժվար բան է սպասվում` պատասխանել ՌԴ նախագահին: Եվ դժվարությունը երեւի թե առավել մեծ է այն պատճառով, որ Հայաստանին թերեւս պետք է բացասական պատասխան տալ ՌԴ նախագահին: Բանն այն է, որ նրա լրացուցիչ կամ նոր առաջարկներն անկասկած ավելի Ադրբեջանին են ձեռնտու, որովհետեւ տրամաբանությունը հուշում է, որ եթե Կազանի հանդիպումից հետո հայտարարվում է, որ այն տապալվել է Ադրբեջանի մերժման պատճառով, իսկ հետո ՌԴ-ն հանդես է գալիս նոր առաջարկներով, ապա դրանք բնականաբար ենթադրում են միտվածություն դեպի Ադրբեջանը: Այլապես անիմաստ է Կազանում Ադրբեջանի մերժումից հետո նոր առաջարկներ ներկայացնել, որոնք էլ ավելի վատը կլինեն Ադրբեջանի համար:
Հետեւաբար, տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի նոր առաջարկները ինչ որ առումով բավարարում են Բաքվին: Դժվար է ասել, Կազանում նրա բոլոր դիտողություններն են բավարարվում, թե մասնակի, բայց որ ՌԴ առաջարկների բովանդակությունը հենց դա է, թերեւս կասկած չկա: Եվ այն, որ այդ առաջարկները գոհացնում են Ադրբեջանին, վկայում է նաեւ Ադրբեջանի արագ պատասխանելու հանգամանքը: Եթե Ադրբեջանը դժգոհ լիներ, ապա առաջարկները գուցե ավելի երկար քննարկեր եւ ավելի ուշ պատասխաներ:
Ի դեպ, այստեղ իրավիճակը հիշեցնում է 2010 թվականի հունվարի 25-ի Սոչիի եռակողմ հանդիպումից հետո եղած զարգացումները: Այդ հանդիպումից հետո համանախագահները կողմերին տվեցին երկու շաբաթ ժամանակ, որ այսպես ասած մադրիդյան փաստաթղթի լրացումների վերաբերյալ իրենց մոտեցումները ասեն: Եվ Ադրբեջանն էլի առաջինն էր, որ շատ արագ հայտարարեց դրանց ընդունելիության մասին: Իսկ Հայաստանը բավական երկար ժամանակ ոչ միայն կարծիք չէր հայտնում, այլ ընդհանրապես ասում էր, որ չկան լրացումներ, կամ 2007 թվականին ընդունված մադրիդյան փաստաթուղթ:

Այժմ էլ Հայաստանը Ադրբեջանից երկար է մտածում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի համար մեդվեդեւյան առաջարկները կամ լրացումները այդքան էլ ցանկալի չեն: Հետեւաբար ՌԴ նախագահին պատասխանելը Սերժ Սարգսյանի համար դառնում է կրկնակի բարդ գործ: Իսկ գուցե ավելի հեշտ է հրաժարական տալը: Եթե Ղարաբաղի շուրջ օղակը սեղմվում է, միթե Սերժ Սարգսյանի համար ավելի լավ չէ հարվածը վերցնել իր վրա, առավել եւս, որ այդ օղակը վերջին երեք տարիներին սկսեց ավելի արագ սեղմվել հենց Սերժ Սարգսյանի դիվանագիտական վրիպումների հետեւանքով:

Դա կլինի լավագույն լուծումը թե Հայաստանի, թե Ղարաբաղի, թե հենց Սերժ Սարգսյանի համար, քանի որ նա այդպիսով գուցե տեղ չզբաղեցնի համաշխարհային պատմության մեջ, որպես խաղաղարար առաջնորդ, բայց երաշխավորված տեղ կունենա հայ ժողովրդի պատմության մեջ, որպես առաջնորդ, ով պետական անվտանգությունն ավելի բարձր է դասել, քան անձնական փառասիրությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: