Tuesday, July 26, 2011

Դանի Այալոն. Իսրայելը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

Panorama.am. 26-7-2011- Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Դանի Այալոնը սեփական նախաձեռնությամբ հուլիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել հայաստանցի գործընկերոջ` ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ:
Այս մասին տեղեկացվում է Իսրայելի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությամբ:
Դանի Այալոնն, ըստ հաղորդագրության, Արման Կիրակոսյանին բարեկամական հարաբերությունների համար շնորհակալություն է հայտնել և նշել երկու երկրների պատմական կապերն ու մշակութային ընդհանրությունները: Փոխնախարար Այալոնն ընդգծել է, որ Իսրայլեը կարևորում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ու համագործակցության մշտական զարգացումը:
Նա նշել է, որ հաճույքով կայցելի Երևան և միաժամանակ Արման Կիրակոսյանին հրավիրել է Իսրայել: «Փոխարտգործնախարար Այալոնը վերահաստատել է, որ մենք հրեաներս, ինչպիսի հատուկ զգացմունքով ենք վերաբերում հայոց ողբերգությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն` Իսրայելի փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև ղարաբաղյան կարգավորմանն ու ներկայացրել իր երկրի պաշտոնական դիրքորոշումը: «Իսրայելը սատարում է Լեռնային Ղարաբաղի հարցը բանակցությունների միջոցով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

No comments: