Tuesday, July 26, 2011

Լավի ու վատի սանդղակը

«Լրագիր» 26-7-2011- Հայաստանում մի մտայնություն է սկսել տարածում գտնել, թե հայերը միայն վատն են տեսնում, թե մեր ժողովուրդը միայն վատն է տեսնում, լավը չեն նկատում, լավի մասին չեն խոսում: Օրինակ, այդպիսի միտք էր հնչում մշակույթի նախարարի եւ բլոգերների հանդիպման ընթացքում, որի մասին պատմող հոլովակը հայտնվել է համացանցում: Այդ հոլովակը հանրության զգալի մասի ուշադրությունը գրավել է նախարար Հասմիկ Պողոսյանի կեցվածքով, օտարալեզվությամբ, ընդհանուր պահվածքի մակարդակով:

Բայց, ինձ օրինակ դրանից բացի շատ հետաքրքրեց նաեւ հենց այդ միտքը, թե հայերը վատն են տեսնում միայն, ժողովուրդը վատն է տեսնում: Եվ շարունակությունն այդ մտքի` որովհետեւ իշխանությունն ահագին լավ բան է անում, բայց վատ է ներկայացնում լավ բանը:
Տարիներ առաջ լրագրողական մի ծրագրով Միացյալ Նահանգներում էի: Առիթ եղավ շփվել տարբեր մասնագիտության տեր քաղաքացիների հետ, լսել նրանց հոգսերի, խնդիրների մասին, ծանոթանալ նրանց պատկերացումներին: Ամեն մեկն ուներ իր խնդիրը, բայց կար, նկատվում էր մի ընդհանրություն` նրանք բոլորն էլ իրենց խնդիրների համար ավելի շատ պատասխանատու էին համարում հենց իրենց, ոչ թե պետություն կամ իշխանություն ասվածին: Գրեթե ոչ ոք չէր ասում, թե Ամերիկան երկիր չի, թե այստեղից պետք է հեռանալ, եւ այլն:
Ինչու: Կարծում եմ այն պատճառով, որ երկրում կա ընդհանուր միջավայրի, իրավիճակի մի նշաձող, որից վերեւ մարդը համոզմունք է ունենում, որ իր համար ստեղծված են հնարավորությունների իրացման բավարար պայմաններ, եւ երբ ինքը վատ վիճակում է եւ խնդիրներ ունի, դրա պատճառն արդեն այդ պայմաններից օգտվելու ունակություն չունենալն է: Իսկ երկրի կրթական համակարգն էլ դաստիարակում է այնպիսի քաղաքացիների, որոնք պետությունից պահանջում են աահովել այդ նշաձողը, հենց դա համարելով պետության առաջնային գործառույթը` ապահովել քաղաքացիների ստեղծագործական կարողությունների իրացման իրավահավասար միջավայր: Զուգահեռ, նույն այդ կրթական համակարգը քաղաքացու մոտ փորձում է սերմանել հավատ սեփական ուժի նկատմամբ, սերմանել գիտակցում, որ ինքդ ես պատասխանատու այդ իրավահավասար միջավայրում քո կարողությունների իրացման հարցում եւ որ պետությունը քո փոխարեն չի լուծելու քո խնդիրները:
Ու թերեւս այդ պատճառով էլ ամերիկացիները “միայն վատը չէին տեսնում”, “ամեն ինչի համար պետությանը կամ իշխանությանը չէին հայհոյում”:
Հայաստանում այդ նշաձողը չկա, այդ միջավայրը չկա, որտեղ մարդն իրավահավասար սկզբունքով կարող է մրցակցել իր հայրենակիցների հետ: Հայաստանում չկա նաեւ այդ կրթական համակարգը, չի եղել այդ համակարգը, ու չի ստեղծվում այդ համակարգը, որտեղ քաղաքացուն կհաղորդվի այն գիտակցումը, որ պետության գլխավոր խնդիրը հնարավորությունների իրացման իրավահավասար միջավայրի ստեղծումն է եւ դա պետք է լինի քաղաքացու գլխավոր պահանջը պետությունից: Իհարկե, նաեւ կարեւորագույն գործառույթներից մեկն էլ պետք է լինի կրթվելու, այսինքն անձնական հնարավորությունները հարստացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
Երբ այդ ամենը չկա, ամենեւին զարմանալ պետք չէ, որ ժողոուրդն ամեն ինչից դժգոհում է: Ամեն ինչից չեն դժգոհում այն ժողովուրդները, որոնք զրկված չեն հասարակական համակեցության ֆունդամենտալ հենքերից, որոնց կյանքում, միջավայրում այդ հենքերը կան:
Ու մեկ էլ լավ գործի ու դրա մատուցման մասին: Ինչ է նշանակում իշխանությունը լավ գործ է անում: Իշխանությունն իր պարտականությունն է կատարում: Նա պարտավոր է “լավ” գործ կատարել, հետեւաբար նրա կատարած գործը պետք է ընդունել ոչ թե “լավ գործ”, այլ որպես պարտականության կատարում, որի համար իշխանությունը վճարվում է հարկատուների կողմից: Իշխանության էությունն է այդպիսին, ու այնտեղ հայտնվող մարդը պետք է գիտակցի, որ իր գործն անելու համար իրեն որեւէ մեկը շնորհակալություն չի հայտնելու, իսկ ահա չանելու համար պետք է խստորեն քննադատեն, նույնիսկ հայհոյեն եւ անգամ դատական պատասխանատվության ենթարկեն, քանի որ իշխանության անգործությունը նաեւ քրեորեն հետապնդելի արարք է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: